Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` երկրի ընդդիմությանը քննադատելը պատասխան ռեակցիայի է արժանացել: Հիշեցնենք, որ Ալիևն ընդդիմադիր գործիչներին «ազգի դավաճան» էր անվանել:
Ադրբեջանի Հանրային ֆորումի առաջնորդ Էլդար Նամազովը, «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանելով Ալիևի մեղադրանքները, հայտարարել է, որ դրան ոչ մի նոր բան չկա:
Նրա խոսքով` Ալիևի ելույթից հետո պարզ դարձավ, որ իշխանությունները պատրաստ չեն երկխոսության սկիզբ դնել քաղաքացիական հասարակության և ընդդիմության հետ:
«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին Ադրբեջանի նախագահի ելույթն անվանել է «տրամաբանությունից հեռու մենախոսություն»:
Քերիմլին համոզմունք է հայտնել, որ երկրի ներկայիս իշխանությունն իրավունք չունի հայրենասիրությունից խոսել:
«Ցավոք սրտի, այդպես է խոսում մի մարդ, ով անօրեն է իշխում Ադրբեջանում», – ասել է նա:
Քերիմլիի խոսքով` Իլհամ Ալիևը երբեք ընդդիմության հետ բանավեճի դուրս չի գալիս, քանի որ «անմիջապես պատասխան կստանա»:
«Ինչպե՞ս այդ մարդը կարող է մեզ դավաճանության մեջ մեղադրել, եթե ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում նա երբեք Ադրբեջանում չի եղել: Երբ նրա հայրը նախագահ էր, 33 գումարտակ կազմալուծեց և երկրի 6 շրջանի օկուպացիայի համար պայմաններ ստեղծեց: Մեզ հետ նա թշնամություն է անում, բայց շաբաթը մեկ ջերմ հանդիպումներ է անցկացնում հայաստանցի առաջնորդների հետ», – հայտարարել է Քերիմլին:
«Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը նույնպես ընդգծել է, որ նման ոճով Ալիևը առաջին անգամ չէ հանդես գալիս:
«Ինչ վերաբերում է հռետորաբանությանը, ապա դա անհանգստության հետևանք է: Ժողովրդավարական փոփոխությունների անհրաժեշտությունը հասկանում է նաև ինքը: Բայց նա ցանկանում է ժողովրդին, ինչպես նաև իր շրջապատին ասել, որ ոչինչ չի փոխվի: Դրա համար էլ Ալիևն իր ժողովրդին թշնամական դիրքերում է կանգնած: Բայց դա իրեն ոչ հաջողություն, ոչ էլ հարգանք կբերի», – ասել է Ղամբարը: