«Ոսկե Ծիրան» միջազգային 9-րդ կինոփառատոնի շրջանակներում հայաստանյան կիոնդիտողին Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) մասին վավերագրական ֆիլմ է բերել ներկայացնելու նկարչի թոռնուհին` Կոզիմա Սփենդերը: Ֆիլմը ռեժիսորի 3-րդ աշխատանքն է և պատրաստվել է մոտ 3 տարվա ընթացքում: Ռեժիսորի մյուս ֆիլմերը նկարահանվել են BBC-ի պատվերով և պատմում են Մալիում ապրող մի արվեստագետի և աֆրիկացի մի դիզայների մասին:
«Առանց Գորկու» ֆիլմի հիմքում ռեժիսորի` Կոզիմայի և նրա տատիկի` Մուգուշի խոսակցություններն ու հիշողություններ են Գորկուց, և վերջապես ընտանիքի այցը Գորկու հայրենի Վան նահանգ:
«Մենք մեծ կորուստ ունեցանք նրա մահով, որում մեր մեղքն էլ ենք զգում, և այս զգացողություն է ընտանիքին ուղղեկցում մինչ հիմա», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Կոզիմա Սփենդերը:
Ռեժիսորը պատմել է, որ պապու մասին ֆիլմ նկարելու միտքն իր մոտ ծագել է դեռ արվեստի ինստիտուտ ընդունվելու ժամանակ, սակայն որպեսզի ֆիլմը իրական Գորկու մասին ստացվի, այլ ոչ թե պատմի նրա մասին այնպես, ինչպես կենսագիրներ են տեսել նրան կամ Գորկու կինը` Կոզիմայի տատը, ռեժիսորը հիմնվել է հատկապես «Այծերը կտուրին» Գորկու նամակների հավաքածուի վրա:
«Այս նամակները ինձ շատ են օգնել Գորկու ապրումները հասկանալու համար, քանի որ դրանք գրողների ինտերպրետացիայով չէին ներկայացված»,- ասել է Սփենդերը:
Բարձր գնահատելով Գորկու արվեստը` Սփենդերն ասել է, որ տպավորություն ունի, թե Հայաստանում նկարչին սիրում են նրա հայկական արմատների համար, և իրականում երբեմն չեն գիտակցում նրա ներդրումը համաշխարհային մշակույթում:
«Ես չեմ նեղանում: Պարզ է, որ հայերը ուզում են իրենց ներկայացուցիչը ունենալ համաշխարհային մշակույթում: Սակայն Գորկուն ավելի շատ ամերիկյան, եվրոպական քննադատների գնահատականն էր հետաքրքում»,- ասել է Սփենդերը: