Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մարտ-ապրիլ ամիսներին ավելի քան 30 այցելություններ է իրականացրել քրեակատարողական հիմնարկներ, զորամասեր, ոստիկանական հիմնարկներ և այլ անազատության կամ սահմանափակ ազատության վայրեր։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված նամակում օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը նշում է, որ այցելությունների ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք «կրում են շարունակական բնույթ և որոնց վերացման ուղղությամբ բավարար քայլեր չեն ձեռնարկվել համապատասխան մարմինների կողմից»։
«Այսպես, ոստիկանությունում հաճախ խախտվել են բերման ենթարկված, հրավիրված կամ ձերբակալված անձանց պահման ժամկետները: Գրանցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից վատ կամ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքեր, մասնավորապես՝ հոգեբանական ճնշում, էլեկտրական շոկի կիրառում, դաժան ծեծ և այլ անմարդկային վերաբերմունք: Այս ամենի մասին մեր մշտադիտարկման խմբին հայտնել են ազատազրկվածները։ Առանձին դեպքերում ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված անձինք զրկված են եղել պաշտպան ունենալու իրավունքից: Բողոքներ են արձանագրվել ձերբակալված անձանց հարազատներին նրանց ձերբակալման մասին տեղեկացնելու օրենքով սահմանված ժամկետների խախտումների մասին:
Ազատազրկման վայրերում հաճախ չի անցկացվել պատշաճ բուժզննություն։ Արձանագրվել են դեպքեր, երբ բուժանձնակազմը չի գրանցել ազատազրկվածների մոտ հայտնաբերված մարմնական վնասվածքները: Բուժսպասարկման վիճակը շատ դեպքերում նույնպես բավարար չի եղել: Մասնավորապես, առկա են բուժանձնակազմի համալրվածության, համապատասխան բուժսարքավորումների և անհրաժեշտ դեղամիջոցների բացակայության, ինչպես նաև բժշկական փաստաթղթերի ոչ պատշաճ լրացման խնդիրներ: Գերբնակեցումը որոշ բանտերում հասնում է 50%-ի։ Խցերը գերծանրաբեռնված են։ Խցերում 15-16 հոգու համար նախատեսված է 12 մահճակալ, ազատազրկվածները քնում են հերթով», – նշված է ՄԻ պաշտպանի նամակում:
Նա նշում է նաև, որ հոգեբուժարաններում ծայրահեղ վատ կենցաղային պայմաններ են: Անբավարար պայմաններ են արձանագրվել նաև որոշ զորամասերում, մանկատներում, հատուկ դպրոցներում, տուն-ինտերնատներում իրականացվում է ոչ կանոնակարգված բուժսպասարկում:
«Խնդրում ենք Ձեր միջամտությունը վերոնշյալ խնդիրների լուծման կապակցությամբ ՀՀ ոստիկանությանը, ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ առողջապահության նախարարությանը, ՀՀ պաշտպանության նախարարությանը և այլ իրավասու մարմիններին համապատասխան հանձնարարականներ տալու, ինչպես նաև այդ մարմինների կողմից Ձեր հանձնարարականների կատարման մասին հանրությանը ներկայացնելու առումով», – եզրափակել է Կարեն Անդրեասյանը: