Իշխանությունները պատրաստվում են ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը թերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են թերությունների վերացման համար` զարգացման նոր նպատակադրումներից ելնելով: Սակայն նա չի մատնանշել, թե կոնկրետ որ դրույթներն են ցանկանում փոփոխել` պատճառաբանելով, թե նպատակահարմար չի համարում այդ մասին խոսել: Հարությունյանը նշել է, որ այս հարցով դեռ չկա ձևավորված աշխատանքային որևէ խումբ:
Թերթի աղբյուրները պնդում են, որ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, սկսել է համապատասխան խորհրդակցությունները:
«Դժվար չէ ենթադրել, թե ինչ նպատակ են հետապնդում Սահմանադրության փոփոխությունները. Սերժ Սարգսյանը պատրաստվում է Ռոբերտ Քոչարյանի նման ինքն էլ իր քիմքին հարմարեցնել սահմանադրական փոփոխությունները: Չի բացառվում, որ հիմա Սարգսյանը փորձելու է առաջին հերթին նվազեցնել վարչապետի լիազորությունները, որից հետո արդեն կփորձի այդ պաշտոնում նշանակել որևէ այլ գործչի, ընդ որում, այս անգամ միգուցե հաշվի առնելով նաև ԲՀԿ տեսակետը», – գրում է «Ժողովուրդը»:
Համաձայն թերթի, իշխանական վերնախավում արդեն ուրվագծվել է այն թիմը, որը զբաղվելու է սահմանադրական փոփոխություններով. շրջանառվում են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, զինդատախազ Գևորգ Կոստանյանի անունները: