Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Գորիս քաղաքի նստավայրում երեկ կայացել է 2011 թվականի փետրվարի 12-ին ԼՂՀ-ի Խոջալուի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից զոհված Թորգոմ Սարուխանյանի գործով դատավարությունը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Ռուբեն Մարտիրոսյանը:
«Հուլիսի 12-ի նիստում տուժող կողմը բացարկ հայտնեց գործով մեղադրող, նախաքննությունը հսկած, ներկայումս մեղադրող, թիվ 1 կայազորային դատախազության դատախազ գեներալ Հրանտ Պողոսյանին, որի հսկողության ներքո կատարվել է հանցագործությունը: Մասնավորապես, դատաբժիշկ Աշոտ Դալլաքյանը՝ Շոթա Վարդանյանի քրոջ որդին, գործով տվել է ակնհայտ կեղծ հանցավոր եզրակացություն: Նշելով, որ կրակոցը կատարվել է հեռու տարածությունից, բայց ուպոռ կրակոցով»,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք նաև, որ այս դատական գործի նիստերը նշանակվում էին Ստեփանակերտում և միայն տուժող կողմի երկարատև պայքարից հետո տեղափոխվել են Գորիս:
«Մենք Գորիս ենք տեղափոխել` հաշվի առնելով, որ Ստեփանակերտում չկա համակարգչային սիստեմ, և նիստը արձանագրվում է քարի դարի մեթոդներով, գրիչով սղագրում է քարտուղարուհին: Ինչպես հայտարարվեց դատավորի կողմից, Գորիս քաղաքում կար համակարգչային բարձրակարգ սարքավրում, որը, սակայն, մեզ անհայտ պատճառներով չէր աշխատում»,- ասել է Մարտիրոսյանը:
Երեկվա դատական նիստի ժամանակ տուժող կողմը դատավոր Համլետ Դավթյանին բացարկ է հայտնել` նշելով, որ դատավորը ակնհայտորեն չհիմնավորելով տուժողի ներկայացրած փաստարկները` նախաքննական հանցագործությունների մասին բացարկը մերժում է:
«Նշանակում է` շահագրգռված կողմ է և կատարում է նշված դատախազի ցուցումները, գտնվում է դատախազի ենթակայության տակ: Տուժող կողմը համոզված է, որ այսօր, ոչ միայն այս, այլև շատ այլ գործերով դատավորը կախյալ է ինչպես ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից, այնպես էլ Զինվորական դատախազությունից և անկախ է միայն օրենքից: Մենք հիմնավորեցինք և ներկայացրեցինք մեկ բացարկ մեղադրողին, հինգ բացարկ՝ դատավորին, որը կատարել էր մանր և միջին անօրինականություններ, որոնք բոլորը մեկ առ մեկ մերժվեցին»,- ընգծել է Ռուբեն Մարտիրոսյանը:
Տուժողոի իրավահաջորդի նեկայացուցիչը նաև տարօրինակ է համարում այն, որ երբ տուժող կողմը հայտարարել է, որ սույն գործով ամբաստանյալները չեն գործել այն հանցանքները, որոնց մեջ նրանց մեղադրում են, ամբաստանյալների փաստաբանները որևէ կերպ չեն արձագանքել իրենց այս հայտարարություններին:
Նշենք, որ այս գործով մեղադրվում են երեք հոգի` երկու շարքային զինծառայող՝ Ռոբերտ Բադալյանը և Հրանտ Կարապետյանը, ինչպես նաև ենթասպա Ենգիբարյանը, ով, Ռուեբն Մարտիրոսյանի խոսքով, դեպքի օրը դեպքի վայրում չի եղել:
«Ըստ մեզ` նշանակում է, որ նա սպանությանը մասնակից չի եղել, և ըստ այդմ` նրա կալանավորումը և նրան ներկայացրած մեղադրանքները կեղծ են»,- հայտաարրելէ Մարտիրոսյանը:
Խոսելով նաև դատավորի կեցվածքի մասին` նա ասել է, որ Համլետ Դավթյանը նիստի ժամանակ երկար ժամակ փորձում էր համոզել, որ նյութական կամ այլ տիպի շահագրգռվածություն չունի, ինչը համոզիչ չի տուժող կողմի համար:
Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 27-ին: