Հուլիսի 8-ին Ֆրանսիայի Նիս քաղաքի Աստվածածին եկեղեցում պատարագ է տեղի ունեցել, որի ժամանակ քահանան հիշատակել է հունիսի 29-ին ողբերգական դեպքերի հետևանքով մահացած Վահե Ավետյանին:
Պատարագի ավարտին Տեր Սահակ քահանան հայտարարությամբ է հանդես է եկել` դատապարտելով Հայաստանում տեղի ունեցած բոլոր նմանատիպ «անաբարոյական և անմարդկային, քրիստոնեկան վարքագծին անհարիր երևույթները»: Քահանան նշել է, որ «նման գործողություններն ընդամենը արդյունք են 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած տեռորից հետո երկրում ձեռք բերված ավազակաբարո բարքերի»:
«Այն ավելի տարածվեց, զորացավ և արմատավորվեց` նպաստելով բացարձակ անբարոյական մթնոլորտի ձևավորմանը երկրում, քանի որ Առաքելական եկեղեցին և նրա ներկա վերնախավը, թողնելով իր անմիջական առաքելությունը, այն վերածեց բիզնեսի: Այդ իսկ պատճառով երբ Հայաստանում քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում, երբ ամեն Աստծո օր իր մարդկային իրավունքները ոտնահարվում են, երբ մի խումբ ավազակներ իրենց իրավունք են վերապահում գործել կրիմինալ աշխարհում ընդունված կանոնների համաձայն, մեր ժողովուրդը գաղթի ճամփան բռնած հեռանում է սեփական երկրից` օտար երկրում պանդուխտ դառնալով, ինչը լուրջ մտահոգություն է պատճառում նաև Սփյուռքում ապրող հայությանը: Մենք ողջունում ենք մեր հասարակության քայլերը` կարծելով, որ այս ողբալի դեպքը արթնացրեց մեր հասարակության գրեթե բոլոր շերտերին և անկախ իրենց քաղաքական պատկանելությունից, անկախ իրենց գաղափարական և այլ մոտեցումներից նրանց կողմից դրսևորեց առողջ կեցվածք: Մենք աղոթում ենք, որ այս աստվածահաճո ընթացքը պսակվի հաջողությամբ, մեր երկրում օրինականություն հաստատվի կյանքի բոլոր բնագավառներում և մեր քաղաքացիների ազատությունների և իրավունքների վերականգնում լինի, որոնք ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ, որոնք սակայն միշտ անտեսվել են և շարունակվում են անտեսվել արդեն 14 տարի շարունակ իրենց ավարտը ունենան և պսակվեն հայ համազգային շարժման հաղթանակով», – Նիս կրոնական համայնքի անդամների հայտարարությունն ընթերցել է Տեր Սահակը:
Հայտարարությունը տրված է եղել ամբողջ կրոնական համայնքի կողմից և այն ստորագրել են մարդիկ, որոնք ընտրված եկեղեցական վարչության գլխավոր ներկայացուցիչներն են` վարչության նախագահ Ռիշար Թագվորյանը, փոխատենապետներ Միքայել Սարքոն և Գասպար Քայաջանյանը, քահանա հայր Սահակը:
Լուսանկարը` eglise-apostolique-armenienne.org