«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնող խմբի անդամ, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Արեգ Գևորգյանը շարժման արդյուքների մասին դեռ վաղ է համարում խոսել: Epress.am-ի հետ զրույցում նա ասել է, որ իրենց առաջնային պահանջը Ռուբեն Հայրապետյանին քրեական պատասխանատվության ենթարկելն է, որի կատարման դեպքում իրենք կարձանագրեն, որ իսկապես հասել են որոշակի լուրջ հաջողությունների: Սակայն սրանով իրենք ոչ թե կբավարարվեն, այլ այս փուլը կհամարեն ավարտված:
«Ինչ վերաբերում է այդ պահանջների կատարմանը, ապա դատախազության, իրավապահ մարմինների կատարած վերջին հայտարարություններից հետո, որ Ռուբեն Հայրապետյանին որպես կասկածյալ գործում ներգրավելն առնվազն ծիծաղելի է իրենց համար, վկայում են այն մասին, որ որևիցե մեկը` թե’ իշխանության ներսում, թե’ իրավապահ մարմինների ներսում, որոնք որպես այդպիսին կախվածություն ունեն նույն իշխող կուսակցությունից և նախագահականից, չեն պատրաստվում որևէ կերպ պատասխանատվության կանչել գլխավոր մեղավոր Ռուբեն Հայրապետյանին: Եվ այդ առումով, իհարկե, մեր վրա մեծ պատասխանատվություն կա` որպես քաղաքացիներ, որպես քաղաքացիական շարժում, որպես այդ միջոցառումների կազմակերպիչ, մեծ պատասխանատվություն կա` ստիպել, պարտադրել թե իրավապահ մարմիններին, թե մյուս պատասխաանտու անձանց անել ոչ թե ինչ-որ արտառոց բաներ, այլ այն գործը, որն ամրագրված է Սահմանադրությամբ, օրենքներով և դրանով նորմալ պատասխաններ տալ հասարակական հնչեղություն ստացած հարցին»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Արեգ Գևորգյանը:
Հարցին, թե արդյոք իրենք պատրաստվում են այլ օլիգարխների դեմ նույնպես պայքարել, Արեգ Գևորգյանը պատասխանել է, որ իրենք առայժմ աշխատում են կոնկրետ դեպքի հետ կապված արդյունքներ ստանալու համար:
«Ես կարող եմ խոսել իմ անունից: Որպես ակտիվ քաղաքացի ես արձանագրելու եմ, ես դեմ եմ արտահայտվելու և պայքարելու եմ ցանկացած անարդարության դրսևորման դեմ, դա կապ չունի, որ օլիգարխի կողմից կլինի կատարված հանցագործությունը: Մենք պարտավոր ենք արձագանքել և անհանդուժող լինել ցանկացած այդպիսի դրսևորման դեմ: Կապ չունի՝ դա կլինի Նեմեց Ռուբոն, թե Լֆիկ Սամոն»,- ասել է ակտիվիստը:
Արեգ Գևորգյանը ողջունելի է համարել այն, որ նախաձեռնության մեջ ներգարվված են տարբեր քաղաքական, հասարակական և քաղաքացիական շարժումների ու նախաձեռնությունների ներկայացուցիչներ, որոնք շատ հարցերում ունեն հակասություններ, բայց, չնայած այդ հանգամանքին, միավորվել են կարևոր հարցի շուրջ: