Փաստաբան Սեդա Սաֆարյանի կարծիքով` պետք չէ զարմանալ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է քննել «Վիզկոն» ՍՊԸ հիմնադիր Պավել Անդերսոնի hetq.am-ի հետ զրույցում` մի շարք պաշտոնյաների կաշառք տալու մասին արված հայտարարությունը:
Epress.am-ի հետ զրույցում Սաֆարյանը հիշեցել է, որ այդ հայտարարությունները ապացուցող փաստերը «Վիզկոնի» ներկայացուցիչը դատարան էր բերել դեռ 2011թ. կայացած «Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Վիզկոն ՍՊԸ-ի» գործի քննության ընթացքում, ուստի ոչ միայն ԶԼՄ-ների հաղորդում կա այդ մասին, ինչը, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի, արդեն իսկ բավարար է քրեական գործ հարուցելու համար, այլև այդ մասին հաղորդում է տրվել հենց Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում` Կարինե Պետրոսյանի նախագահությամբ նիստում:
Սեդա Սաֆարյանը հայտնել է նաև, որ Բուզանդ, Արամի, Եկմալյան փողոցների բնակիչների հետ գործարքներ կնքած և խաբած «Գապբնակշին» ընկերության տնօրեն Մխիթար Պապոյանի դեմ հարուցված գործի շրջանակներում Անդերսոնը միջնորդել էր իրեն որպես վկա հարցաքննելու համար, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը:
Տեղեկացնենք, որ խաբված բնակարանատեր Արյուսակ Պետրոսյանի իրավունքները պաշտպանող Սեդա Սաֆարյանը օրերս հաղթել է դատական գործը 65 քաղաքցիների հետ անօրինական գործարքներ կապած և մոտ 1 միլիարդ 325 միլիոն յուրացած «Նարեկ Շելթեր» ընկերության տնօրեն Սիմոն Աղազարյանի դեմ: Դատարանը Աղազարյանին դատապարտել է 7 տարի ազատազրկման:
Սեդա Սաֆարյանը ասել է, որ թեև տուժածների փոխհատուցման հարցը անհավանական է թվում, սակայն պետք է նաև պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին. ոչ միայն պետական այն պաշտոնյաններին, ում Անդերսոնը կաշառել է, այլև հենց նրան, քանի որ նա Աղազարյանից և Պապոյանից պակաս վնաս չի բերել երկրին, քանի որ երեքով են նրանք հիմնել, նախագահել նշաված երեք` «Վիսկոն», «Գապբնակշին», «Նարեկ Շելթեր» շինարարական ընկերությունները:
Անդերսոնի հարցազրույցը` hetq.am-ին