Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի խոսքով` իր ղեկավարած բուհում դրական փոփոխություններ կան, պատահական աբիտուրիենտներ այս տարի չեն եղել, վերականգնվում է բուհում մշակութային մթնոլորտը, ինչը, ըստ ռեկտորի, պայմանվորված է այն փաստով, որ ինքը «մի քիչ տեր Թոդիկի մեթոդի կողմնակից է»:
«Մեր բուհում արգելված են «արա», «աղչի», «վրիցս իջի» արտահայտությունները: Քաղաքական բջիջներ չկան մեր բուհում, քաղաքական ագիտացիա անել չի կարելի: Ես ավելի էվոլուցիայի եմ կողմ, քան հեղափոխության», – ասել է Մազմանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Այնուհանդերձ, ռեկտորը նշել է, որ քաղաքացիական ակտիվություն կա հիմա, և մարդիկ ավելի անհանդուրժող են հանցագործությունների հանդեպ, որ վաղուց էին կատարվում, օրինակ, «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցածի հանդեպ:
«Այն, ինչ կատարվել է, ուղղակի անմարդկային է, մարդու ուղեղում չի տեղավորվում: Դա մեր գենետիկ խախտման արդյունք է: Ձևավորվել է թիկնապահների սոցիալական խավ: Շունը հաչալու համար է, բայց իրենց շատ բան են թույլ տալիս, պետք է տեղը ցույց տանք»,- ասել է Մազմանյանը:
Ինչ վերաբերում է կատարվածի համար Ռուբեն Հայրապետյանին պատժելու քաղաքացիների պահանջին, Մազմանյանի կարծիքով, դա իրավական հիմք չունի, եթե, իհարկե, չապացուցվի, որ Հայրապետյանը բժիշկներին ծեծելու հրաման է տվել:
«Իմ բուհում էլ հանցագործություն լինելու դեպքում, ես հո չպե՞տք է պատժվեմ: Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունից հասկացա, որ նա այդ ողբերգության հետ ապրելու է ողջ կյանքում, պետական պաշտոն չի զբաղեցնի, հավանաբար, ինչ վերաբերում է Ֆուտբոլի ֆեդերացիային, դա պետական պաշտոն չէ», – ասել է Մազմանյանը:
Ռեկտորը հիշել է նաև, որ այս հանրային հնչեղություն ստացած հարցի մասին լռելու համար իրեն մեղադրելու հրապարակում է արել լրագրող Պետրոս Ղազարյանը:
Մազմանյանն ասել է, որ ոչ թե խոսելով, այլ գործով էր զբաղված, այդ պատճառով շուտ չի արել հայտարարություն:
«Գնդլիկ-բոքոնիկ Պետրոս, դու քո քաղաքական կողմնորոշումը փոխում ես ըստ նրա, թե իշխանություն, կենտրոնամետ թե ընդդիմություն է դառնում «Կենտրոնի» տեր ԲՀԿ-ն: Դու բարոյական իրավունք չունես ինձ քննադատելու»,- ասել է ռեկտորը: