2010 թվականի հուլիսին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով վկա Արման Մնացականյանը, ով 7 ամիս շարունակ չէր ներկայանում դատական նիստերին, այսօր հայտնվել է Իջևանի դատարանում և հրաժարվել է պատասխանել, թե որտեղ է ինքը գտնվել յոթ ամիս շարունակ:
Տուժողի կողմը ներկայացնող Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ դատարանում վկան ոչ մի հարցի հստակ չի ցանկացել պատասխանել:
«Սիմուլյանտություն էր անում, թե իբր վատ է զգում: Մենք հարցերը տալիս ենք, իսկ ինքն իրեն բավական լկտի էր պահում, ասում էր, որ չի պատասխանի, չի հիշում ու վերջ: Դատախազներն անընդհատ առարկում էին մեր հարցերին, դատավորն էլ հանում էր հարցերը, ասում էր՝ գործի հանգամանքներից ելնելով պետք է հարցեր տաք: Մենք ասացինք, որ շատ կարևոր է, թե որտեղ է եղել այս մարդը: Կարծում ենք, որ իր գտնվելու տեղը շատ կարևոր է, կարևոր է իմանալ, թե արդյոք ինքը փորձում էր թաքնվել արդարադատությունից և որքանով արժանահավատ կլինեն նրա ցուցմունքները: Երբ մեր առջև այդ արգելքները դրվեցին, տուժող կողմը հրաժարվեց շարունակել հարցաքննությունը: Մյուս կողմերը փորձեցին հարցեր տալ: Փաստաբան Ալվարդ Մնացականյանի հարցերին գործի հանգամանքների հետ կապված՝ նա պատասխանում էր՝ «չեմ հիշում, չգիտեմ», նույնն էլ՝ մյուս պաշտպանների հարցերին:
Նրա հարցաքննության ավարտվելու պահին ամբաստանյալ Վահագն Հայրապետյանը նրան հարցրեց՝ «հերթափոխի ժամանակ ինչ-որ արտառոց բան եղե՞լ է, ի՞նչ միջադեպ էր եղել»: Արման Մնացականյանն ասաց՝ «Արտակ Նազարյանի սպանությունը…», ասեցի՝ «ապրես, դե հիմա ասա ո՞վ ա սպանել»: Պատասխանեց՝ «ես չգիտեմ, ես չեմ եղել այնտեղ»:
Նրա հարցաքննությունն այդպես «բարեխաջող» ավարտվեց, ու դատարանն արդեն անցավ ապացույցների հետազոտմանը», – պատմել է Ծովինար Նազարյանը:
Ապացույցների հետազոտման ժամանակ, երբ դատավորն ընթերցել է ամբողջ դատաբժշկական եզրակացությունը, տուժող կողմն արձանագրել է, որ դատաբժշկական կենտրոնի կողմից ուղարկված 19 լուսանկարներից գործում կցված են 16-ը, ու դատավորից պահանջել է այդ հարցը լուծել և գտնել մյուս երեք լուսանկարները:
Այսօրվա դատական նիստի ժամանակ դատավոր Սամվել Մարդանյանը տասը րոպե ընդմիջում է հայտարարել, որի ընթացքում ՊՆ քննչական ծառայությունից ժամանած քննիչ Պողոսյանն ասել է, որ ինքը պետք է հարցաքննի ամբաստանյալներ Հարութիկ Կիրակոսյանին և Ադիբեկ Հովհաննիսյանին:
Դատավորը ընդմիջման ժամանակ Ծովինար Նազարյանին ցույց է տվել մի թուղթ, համաձայն որի հարցաքննության թույլտվությունն առկա է:
«Իսկ հարցաքննությունը կապված էր նրա հետ, որ այդ երկու մեղադրյալները ցուցմունք են տվել դատարանում, թե իրենց նկատմամբ ռազմական ոստիկանությունում քննիչները և ռազմական ոստիկանները բռնություն են կիրառել: Ոտքի վրա հարցաքննել են յոթից ինը ժամ, ոչ հաց են տվել, ոչ ջուր, ոչ զուգարան են թողել, երբ որ ջուր են խնդրել, իրենց վրա ջրի շիշ են շպրտել: Հարութիկ Կիրակոսյանի ոտքը ուռած է եղել, իրեն սարսափելի ծեծի են ենթարկել, այդ մասին հունիսի 26-ի դատական նիստի ժամանակ Ադիբեկ Հովհաննիսյանն ու Հարութիկ Կիրակոսյանը դատարանում պատմել են: Դրա արդյունքում դատախազն ասաց, որ ինքը կմիջնորդի, որ գործ հարուցվի ու պարզվեց, որ գործ է հարուցվելու»,- ասել է Նազարյանը:
Տուժողի իրավահաջորդի փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասել է, որ սա առանձին հարցաքննություն է՝ առանձին գործի շրջանակում:
«Դեռ գործ չկա հարուցված, դեռ նյութեր են նախապատրաստվում, այս հարցաքննությունը դրա շրջանակում է՝ իրենց հայտարարությունների հիման վրա: Նրանց հայտարարությունների իսկությունը ստուգելու համար իրենք պարտավոր էին քննություն տանել: Այդ քննության շրջանակում քննիչը եկել է դատարան», – ասել է Մուշեղ Շուշանյանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է վաղը՝ հուլիսի 18-ին, ժամը 11:00-ին: