Կառավարությունը, ուսումնասիրելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի (Պալաչ) դիմումը, գտել է, որ «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը խախտել է «Բարեգործության մասին» օրենքը, գրում է «Հայկական ժամանակը»:
Ըստ թերթի աղբյուրի՝ կառավարությունը դիմել է կապի և տրանսպորտի նախարարությանը, որպեսզի այստեղ համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Փաստաթղթում, ըստ նույն աղբյուրների, նշված է, որ «Ծառուկյան» հիմնադրամը վերոնշյալ օրենքի 5 կետ է խախտել:
Խնդրի մասին զեկուցել են նաև տնտեսական մրցակցության հանձնաժողովին, ուր ևս Պալաչը դիմել էր: Վերջինիս պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը, սակայն, «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է, որ որևէ պաշտոնական գրություն ինքը դեռ չի ստացել, թեև սպասում է դրան: Դալլաքյանը նաև հայտնել է, որ ընկերության վարորդները մտադիր են այս ուրբաթ օրը փակել Աբովյան-Երևան մայրուղին և վերսկսել գործադուլը, որ դադարեցրել էին անցյալ շաբաթ: Ինքը` Պալաչը, ըստ Դալլաքյանի, դեռ Հայաստան չի վերադարձել:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Կոտայքի մարզի երթուղայինների 40 վարորդներ գործադուլ էին հայտարարել: Նրանք բողոքում էին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի բարեգործության արդյուքնում մնացել են անգործ:
Բանն այն է, որ մոտ 6 ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը Աբովյանի բնակիչների համար անվճար երթուղայիններ է սկսել աշխատեցնել: Աբովյանի ներքաղաքային, ինչպես նաև Երևան և հարակից այլ համայքներ գնացող վճարովի երթուղայինները կորցրել են իրենց ուղևորներին և այժմ անիմաստ փող ծախսելուց գերադասում են թողնել գործը:
«Գագիկ Ծառուկյանն այս բարեգործությունն արել է միայն հայտնի Պալաչին` Արթուր Հարությունյանին ճնշելու նպատակով, ով ՀՀԿ գրասենյակ էր բացել Աբովյանում` քաղաքում, որ ԲՀԿ-ն իր սեփականություն է համարում: Իսկ Պալաչի բիզնեսը իր երթուղայինի գծերն են: Արդյուքնում` օգտվում ենք մենք` բնակիչներս, որ ստանում ենք անվճար երթևեկելու իրավունք»,- ասել է Աբովյանի բնակիչ Նարինե Հարությունյանը:
Երթուղայինի վարորդների գործադուլի առթիվ հայտարարություն էր տարածել ԲՀԿ անդամ Էլինար Վարդանյանը` կարծիք հայտնելով, թե բողոքի ակցիա անող վարորդները պատվեր են կատարում:
«Այն 40 վարորդները, որոնք ստիպողաբար գործադուլ են անում, որևէ կապ չունեն գծի տերերի նեղ անձնական շահերի կամ բիզնես ապաշնորհության հետ: Ի դեպ, քիչ առաջ ինձ հետ կապվել են մի քանի տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչներ («Տիգրան» ՍՊԸ, «ՎԱԳ-Տրանս» ՍՊԸ , «Գալակտիկա» ՍՊԸ), որոնք պատրաստակամություն են հայտնել ավելի լավ պայմաններով աշխատանքի ընդունել նրանց բոլորին: Այնպես որ, վարորդների հարցը նույնպես փակված է»,- ասել էր ԲՀԿ անդամը: