«Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ շարժման մեջ քաղաքական ուժեր չեն կարող խառնված լինել: Սանասարյանն անդրադարձել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի խոսքերին, ով երեկ Epress.am-ի հետ զրույցում նման կասկած է հայտնել:
«Քաղաքական ուժերը չեն կարող խառնված լինել, քանի որ մենք ենք մերժում կուսակցական միջամտությունները: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները նախաձեռնության անդամ են, և միևնույն ժամանակ կուսակցության անդամ լինելով` նրանք չեն դադարում Հայաստանի քաղաքացի լինել: Ես չեմ կարողանում հասկանալ այդ արհեստական բաժանումները: Ինքս կուսակցական եմ, բայց մինչ օրս ոչ ոք գոնե հրապարակային ինձ չի կապել կուսակցական շահեր հետապնդելու մեջ, քանի որ ինքս իմ քայլերով նման շահարկումների տեղ չեմ թողել: Այսքանից հետո ավելացնելու բան չունեմ, թող պարոն Դանիելյանը մնա իր համոզմունքներին, դրանից քաղաքացիական հասարակությունը չի տուժի», – Aravot.am-ի հետ զրույցում ասել է Սանասարյանը:
Նա նշել է, որ իրենց քայլերը ուղղված չեն նրան, որ Դանիելյանի մոտ հավատ կամ վստահություն ներշնչեն:
«Մեզ համար այս պահին ամենակարևոր հարցը միջադեպի իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցն է: Մինչև Ռուբեն Հայրապետյանի մանդատի վայր դնելը՝ որոշ բախտագուշակներ մեր պահանջներից մեկի վերաբերյալ նույնպես ասում էին, որ ոչ մի բան էլ չի լինի, վայր չի դնի: Վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ պարոն Դանիելյանը կվերընթերցի իր հարցազրույցները և ափսոսանք կապրի:
Գիտեք, եթե այդ տրամաբանությունից դուրս գանք, որ նախկինում ինչ եղել է՝ նման արձագանք չի եղել, նշանակում է մենք զարգանալու տեղ չունենք, մենք միշտ պետք է մնանք հին ու կոտրված տաշտակին: Կարող ենք ասել 37 թվին բարբարոսությունների շարք է եղել, ինչո՞ւ չենք պայքարել, կամ ասենք մեզ մեղադրեն 90-ականներին լռության մեջ: Այո, եթե նախորդած դեպքերի դեմ կանգնեինք՝ Վահեի դեպքը չէր լինի: Բայց մենք ուզում ենք, որ այլևս չկրկնվեն այս ցավոտ դեպքերը, ինձ համար կապ չունի թե Գագիկ Ծառուկյանի անվտանգության աշխատակիցներն են հանցագործները, Սերժ Սարգսյանի, թե Ռուբեն Հայրապետյանի: Հանցագործը հանցագործ է, և ոչ մի կապ չունի, թե որ կուսակցության ներկայացուցիչ կամ հովանավորյալ է», – ասել է Սանասարյանը:
Ի պատասխան պարոն Դանիելյանի տեսակետին` նույն շարժման անդամ Զառա Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել է. «Ակտիվիզմը զարգանում է այն ժամանակ, երբ մասսայական խեղդվում է մարդու գործունեությունն ու տարբեր իրավունքներ: Մեր երկրում արդարադատությունն իր գործառույթը չի կատարում, այդ պատճառով էլ ամբողջ հասարակությունը արտահայտում է իր անհամաձայնությունը նման գործելաոճի վերաբերյալ: Կոնկրետ Ռուբեն Հայրապետյանը պետական այր է, ՀՀԿ անդամ, նրա գործունեությունը բոլորը գիտեն, նրա բռնության քարոզը միշտ հեռսուստատեսությամբ ու հնարավոր մասսայական վայրերում նկատվում է: Եթե հասարակությունը քաղաքացիական շարժում է սկսել նման ապրելակերպի դեմ, չեմ կարծում՝ պարսավելի է, ու մարդու իրավունքների ցանկացած պաշտպան պետք է ողջունի նման քայլը»:
Նա բացառել է, որ քաղաքացիական նախաձեռնություններն ուղղորդվում են քաղաքական ուժերի կողմից.
«Սա, կազմակերպված գործողություն է… ժողովուրդը զրկված է ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու հնարավորությունից դա հիմա հնարավոր է միայն հասարակական շարժումների, կարծիքների ձևավորման միջոցով. Պետք է ստեղծել մի իրավիճակ, որով ամենաթողության մթնոլորտը հաղթահարվի»: