Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է «Ասիական զարգացման բանկի» փոխնախագահ Սյաոյու Ժաոյի հետ: Նախագահականն այդ հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել, որ կողմերը կարևորել են համագործակցությունը, տարվող աշխատանքները և այլն, և այլն:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ» թերթի աղբյուրները, «Ասիական զարգացման բանկը» դժգոհ է Հայաստանի իշխանություններից, որովհետև արդեն մեկ տարի է` չեն մեկնարկում այդ բանկի կողմից ֆինանսավորվող Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքները: Նույնիսկ շշուկներ կան, որ իշխանություններն այդ գումարներն ուղղել են այլ ոլորտ: Ու հիմա փոխնախագահն անձամբ է ժամանել Երևան` տեղում պարզելու իրավիճակը, նշում է թերթը և հավելում, որ չի բացառվում, որ իշխանությունների հանդեպ դժգոհության արդյունքում այս բանկը դադարեցնի իր համագործակցությունը:
«Ժողովուրդը» գրում է, որ նույն մայրուղու աշխատանքների տապալման համար Սերժ Սարգսյանը խիստ բարկացել է ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի վրա` նրան արգելելով որևէ պաշտոն զբաղեցնել: