Home / Հայաստան / Վարչապետը չիջավ. զոհված զինվորի մայրը վատացել է (ՖՈՏՈ)

Վարչապետը չիջավ. զոհված զինվորի մայրը վատացել է (ՖՈՏՈ)

12:12 Զոհված զինծառայողների ծնողները Ալեքսանդր Ղազարյանի հետ զրուցելուց հետո դուրս են եկել կառավարության շենքից՝ այդպես էլ չհանդիպելով վարչապետին:

Տիգրան Օհանջյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը (գլխավոր լուսանկարում), ում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և ում ոստիկաններն ու շենքի մոտ հավաքված մարդիկ օգնել են դուրս գալ շենքից, պատմել է, որ իրենց ոչ մի պատասխան այդպես էլ չտվեցին և իրենք ամեն հինգշաբթի շարունակելու են իրենց ակցիաները՝ պահանջելով պատժել որդիների մահերի համար պատասխանատուներին:

«Վերջապես պետք է հասկանան, որ սպանություն կատարողները պետք է  պատասխան տան, պետք է պատասխան տա հանցագործություն կատարած քննչական մարմինը, գլխավոր դատախազը»,- ասել է Գոհար Սարգսյանը:

Ծնողները նշել են, որ անգամ եթե տարածքը հսկելու համար ուղարկեն կարմիր բերետավորներին, զորք կամ տանկեր, իրենք, միևնույն է, շարունակելու են գալ կառավարության մոտ:

11:24 Հայկական բանակում զոհված զինծառայողների ծնողները, որոնք ամեն հինգշաբթի բողոքում են ՀՀ կառավարության շենքի մոտ, այսօր մտել են կառավարության շենք՝ պահանջելու հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ոստիկանները փորձում են դուրս բերել բողոքավորներին շենքից, սակայն վերջիններս պնդում են, որ չեն գնա, մինչև չհանդիպեն վարչապետի հետ:

Այս պահին ակցիայի մասնակիցների մոտ է իջել Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով նախասրահում զրուցում է նրանց հետ: