Անձնագրերի պակասը վերացնելու և իրավիճակը կարգավորելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը լրացուցիչ խմբաքանակ անձնագրեր է պատվիրել, գրում է «Հայկական ժամանակը»:
Լրացուցիչ խմբաքանակի թիվը չի հրապարակվում: ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը թերթի թղթակցին ասել է, որ ֆրանսիական ընկերությունը պայմանագրով ամեն եռամսյակի մատակարարում է 100 հազար ՀՀ քաղաքացու անձնագիր, որը, փաստորեն, չի բավարարում:
2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից 8 ամիս առաջ, պարզվում է, անձնագրի դեֆիցիտ գոյություն ունի: Մայիսին տեղի ունեցած ԱԺ ընտրություններից ութ ամիս առաջ էլ` 2011-ի սեպտեմբերին կրկին անձնագրերի հետ կապված խնդիր էր առաջացել: Այն ժամանակ շրջող լուրերի համաձայն, ընտրությունների համար` գոյություն չունեցող ընտրողների անունով այնքան շատ անձնագիր էին պատրաստել, որ դատարկ, օրինակ, այլևս չէր մնացել: Անձնագրերի հետ կապված խնդիր մինչ այդ առաջացել էր մեկ էլ 2007 և 2008 թվականների նախընտրական շրջափուլում, գրում է թերթը: