Home / Տեսանյութեր / ԼՂ հիմնական ռեսուրսը պետք է լինի ժողովրդավարական ինստիտուտների բարձր մակարդակը. ՀԱԿ

ԼՂ հիմնական ռեսուրսը պետք է լինի ժողովրդավարական ինստիտուտների բարձր մակարդակը. ՀԱԿ

Այսօր Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում տեղի են ունենում հերթական նախագահական ընտրությունները: Հայ Ազգային Կոնգրեսն այդ առնչությամբ հայտարարություն է տարածել, որում կոչ ենք անում ԼՂՀ իշխանություններին` անել հնարավորը՝ ապահովելու համար օրինական, ազատ և արդար ընտրություններ:

«Թե ռազմի դաշտում և թե դիվանագիտական ասպարեզում Ադրբեջանի հետ տարվող անհավասար պատերազմում ԼՂ հիմնական ռեսուրսներից պետք է լինի ժողովրդավարական ինստիտուտների անհամեմատ ավելի բարձր մակարդակը և կենսունակությունը, ինչը միանշանակորեն կնկատվի միջազգային հանրության կողմից: Վերջինիս արձագանքը ընտրություններին մեծապես պայմանավորված է լինելու հենց ընտրությունների որակով: Միևնույն ժամանակ, ազատ և արդար ընտրությունների ամենամեծ պահանջատերը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է, որի օրինակարգ իշխանությունները նոր լիցքեր կստանան ԼՂ պետական շահերը բանակցային գործընթացում առաջ մղելիս: Եվ վերջապես, օրինական ընտրությունները ԼՂՀ անվտանգության հարց է, ինչը չեն կարող չգիտակցել ընտրություններում ներգրավված բոլոր կողմերը», – նշում են հայտարարության հեղինակները:

Նրանք նաև կոչ են անում նաև Հայաստանի իշխանություններին անհապաղ խորհրդատվություններ սկսել բարեկամ երկրների համապատասխան գերատեսչությունների հետ՝ ապահովելու, մասնավորապես, ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ երկրների, ինչպես նաև հարևան, ՀԱՊԿ և ԵՄ անդամ պետությունների դրական վերաբերմունքը ԼՂ նախագահական ընտրություններին: