Home / Հայաստան / Խաբված բնակարանատերը պնդում է, որ իր վրա սպառնացել են կրակել. դիմում է Եվրադատարան

Խաբված բնակարանատերը պնդում է, որ իր վրա սպառնացել են կրակել. դիմում է Եվրադատարան

Արամի, Բուզանդի, Եկմալյան փողոցների բազմաբնակարանային շենքերում միևնույն բնակարանի բազմակի վաճառքի հետևանքով խաբված բնակարանատերերը պարզել են, որ բնակիչների՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված երեք նամակներն անհետացել են: Այս մասին Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սոնա Մաղաքյանը, ով անձամբ է գնացել նախագահի աշխատակազմ, հետաքրքրվել նամակների ճակատագրով ու երկար փնտրտուքներից հետո պարզել, որ դրանցից ոչ մեկը նամակների բաժնում չի գրանցվել:

«Բնակիչներիս դիմում-բողոքները նիրվանայի քուն են մտել ՀՔԾ-ում և վարչապետի հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում: Վիրավորված ու հուսալքված քաղաքացիներս բազմաթիվ անգամներ դիմում-բողոքներ ենք ուղարկել նախագահին, սակայն կարծելով, թե դրանք նախագահից թաքցնում են, որոշեցի հարյուրավոր տուժած բնակիչների բողոքն առձեռն հանձնել Սերժ Սարգսյանին՝ մայիսի 4-ին՝ Հանրապետության հրապարակում: Փուչինկերի պայթյունի հետևանքով վիճակը խիստ անհարմար էր, ես էլ, զգալով գործողությանս խիստ անհրաժեշտությունը, նախագահի շքախմբի առաջը կտրեցի հենց ՀՀԿ գրասենյակի աստիճանների մոտ: Իմ կանչին նախագահն արձագանքեց՝ տվեք օգնականին (ՀՀ նախագահի օգնական Արմեն Աբելյանին-խմբ.): Ասացի՝ ներեցեք, նրան  չեմ վստահում, նա մեր նամակները Ձեզ չի հանձնում, քանի որ դրանք ուղղված են Ձեր Վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին՝ կապված Արամի 72-80 հասցեում նրա գործողությունների հետ», – պատմել է Մաղաքյանն ու ավելացրել, որ չնայած նախագահը շտապում էր փուչիկներից վառված երեխաներին հիվանդանոցներում տեսակցության, այնուամենայնիվ, ինքը գոհ է իր «հերոսությունից»:

«Բայց չէ՞ որ մենք էլ վառված ենք անօրինականություններից ու արդեն քանի տարի»,- ընդգծել է Մաղաքյանը: Նամակը, այնուամենայնիվ, վերցրել է Աբելյանը:

Նա նաև նշել է՝ երբ 25 օր անց սկսել է հետաքրքրվել ու պարզել է, որ նամակներն անհետացել են, որոշել է դրանց՝ իրենց մոտ եղած օրինակները թարգմանել անգլերեն ու սփյուռքի այլ խաբված հայրենակիցների միջոցով փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:

«Մտածեցի, որ գուցե Քլինթոնն անձամբ դրանք կհանձներ նախագահին, բայց զգալով, որ ճակատով գնդակ կբռնեմ՝ լռեցի: Իհարկե, ամեն ինչ ակնհայտ է՝ Հովհաննես Հովսեփյանը քնած չէ ու նրա գործընկերներն իր դեմ որևէ տեղեկատվություն «վերև» չէին թողնի, սակայն կարծում եմ , որ նախագահը չէր մոռանա իմ համառությունը ու կհարցներ նամակների մասին: Ուրեմն…»,- ասել է բողոքող կինը և չի շարունակել:

Մաղաքյանը նաև ընդգծել է, որ  չափազանց ակտիվ լինելու համար իրեն բազմիցս զգուշացրել են, թե իր վրա կկրակեն ու  դրանով կլռեցնեն մյուս բոլոր բողոքող բնակիչներին:

«Ասում են՝  կկրակեին, պարզապես աղմուկը շատ մեծ կլինի: Ես էլ հակադարձել եմ, որ ոչ  մեկից չեմ վախենում, պայքարելու եմ մինչև վերջին շունչս: Ի՞նչ անեմ՝ ապրել եմ ուզում, բայց տունս կորցնել չեմ ուզում», – եզրափակել է Մաղաքյանն ու շեշտել, որ իրենց հաջորդ դիմում-բողոքը ուղարկելու են Եվրադատարան: