Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլի առաջին խաղերում հայաստանյան երկու ակումբները՝ Գյումրիի «Շիրակը» և Կապանի «Գանձասարը», նույն 0:2 հաշվով պարտություն կրեցին:
Գյումրեցիները մրցակցի հարկի տակ զիջեցին իսրայելական «Բնեյ Յեհուդա» ակումբին: Առաջին խաղակեսի ընթացքում մրցակիցը առավելություն ուներ, սակայն չկարողացավ գրավել գյումրեցիների դարպասը: Խաղակեսի վերջին րոպեին մրցակցի կազմում կարմիր քարտ ստացավ Ավիվ Հադադը, և «Շիրակը» երկրորդ խաղակեսը շատ ավելի վստահ սկսեց: Ոչինչ չէր խոսում այն մասին, որ մեր թիմը կարող է պարտություն կրել, սակայն 75-րդ րոպեին կարմիր քարտի արժանացավ փոխարինման դուրս եկած Անդրանիկ Բարիկյանը, և մրցակիցը բեկեց հանդիպման ընթացքը վերջին 10 րոպեների ընթացքում: 82-րդ րոպեին հաշիվը բացեց Դինո Նդլովուն, իսկ 4-րդ ավելացրած րոպեին երկրոդ գնդակը խփեց Պեդրո Գալվանը:
Կապանի «Գանձասարը» շվեյցարական Ժնևում հանդիպեց «Սերվետի» հետ: Արդեն 7-րդ րոպեին մրցակիցը չիրացրեց 11-մետրանոց հարվածը: Շվեյցարացիները երկու գնդակն էլ խփեցին երկրորդ խաղակեսում՝ աչքի ընկան Գորան Կարանովիչը և Կևին Գիսսին:
Երկու դեպքում էլ հայաստանյան ակումբներին շատ դժվար կլինի հետ բերել կորցրածը պատասխան խաղերում, որոնք կկայանան հուլիսի 26-ին:
Իսկ ահա Դոնեցկի «Մետալուրգում» հանդես եկող Գևորգ Ղազարյանը շատ հաջող հանդիպում անցկացրեց սեփական հարկի տակ Չերնոգորիայի «Չելիկի» հետ: Ուկրաինական ակումբը հաղթեց 7:0 հաշվով, իսկ Ղազարյանը հեթ-տրիկի հեղինակ դարձավ: