Ոստիկանությունը քրեական գործ չի հարուցի հունիսի 21-ին ՀՀ ԱԺ շենքի մոտ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) կողմից ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի ձեռքից պաստառ խլելու և թիկնապահի կողմից ակտիվիստին գետնին տապալելու փաստերի առնչությամբ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից երեկ թերթի թղթակցին ասել են, որ որոշում է կայացվել տեղի ունեցածից հետո նախապատրաստված նյութերով քրեական գործի մերժելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
«Ամենածիծաղելին այն է, որ ոստիկանությունը ձերբակալում է նույնիսկ այն անձանց, որոնց հպումից, ասենք, ոստիկանի գլխարկ է ընկնում, իսկ այս դեպքը, փաստորեն, այլ է: Ստացվում է, որ ոստիկանի գլխարկի ընկնելը հանցակազմ է պարունակում, իսկ ոստիկանի աչքի առաջ քաղաքացուն հրելը, գետնին տապալելը հանցագործություն չէ», – գրում է «ՀԺ»-ն:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ԱԺ հետնամուտքի մոտ Վարդգես Գասպարին միանձնյա բողոքի ակցիա էր անցկացնում հունիսի 17-ին «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած միջադեպի մեղավորների դեմ: Գասպարին հարցազրույց տալիս է եղել իր ակցիայի մասին, երբ նրան մոտեցել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և խլել «Ռուբեն Հայրապետյանը՝ մարդասպան» գրությամբ պաստառը: Մի քանի վայրկյան անց Գասպարիին է մոտեցել նաև Ալեքսանյանի թիկնապահը և գետնին տապալել նրան: