Երեկ ԼՂՀ նախագահի ընտրություններում Հանրապետության գործող ղեկավար Բակո Սահակյանի տարած հաղթանակը վկայում է այն մասին, որ Արցախի բնակչությունը հավանել է նրա վարած քաղաքականությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն, Բակո Սահակյանը հավաքել է ձայների 66,7 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից Վիտալի Բալասանյանը` 32,5 տոկոսը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետն ասել է, որ ընտրությունների կեղծված լինելու մասին խոսք չի կարող լինել: Ըստ նրա` վատ է, որ Հայաստանի և ԼՂՀ իշխանությունները չեն դատապարտել նախորդ նախագահական ընտրությունների մասին միջազգային դիտորդների տված գնահատականը, թե ընտրությունները կեղծիքներով են անցել: Մանասյանը կարևորել է Արցախում բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելը պետության միջազգային ճանաչման գործընթացի համատեքստում, սակայն հարցին, թե արդյոք դրանցից բխում է, թե խայտառակ վատ ընտրությունների դեպքում էլ Հայաստանը չէր խոսի ընտրախախտումների մասին` քաղաքագետը պատասխանել է` ասելով, որ նման բան անհնար է, քանի որ Արցախի ժողովուրդը «զակոննիկ» է:
Ասուլիսի մյուս բանախոս Հայաստանի առաջին օմբուդսմեն, ՀՀ 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի խոսքով` ժողովրդավարությունն Արցախում զարգանում է, ինչի ապացույցն այն է, որ ընդդիմությունը ԼՂՀ-ում կրկնակի անգամ ավել ձայներ է ստացել` նախորդ ընտրությունների համեմատ:
Ըստ Ալավերդյանի` Արցախ միջազգային դիտորդները գնում են կեղծիքներ փնտրելու նպատակով, և Ադրբեջանին հաճոյանալու առիթ փնտրելով, ի տարբերություն Հայաստանի, որտեղ պայմանավորվածություններ են ձեռք բերում ՀՀ իշխանությունների հետ, ուստի դիտորդների բարձր գնահատականն Արցախի ընտրություններում ավելի վստահելի է:
Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով Վրաստանի հայտատարությանը Արցախի ընտրությունները չճանաչելու փաստին, դա նորմալ և սպասելի է համարել` հաշվի առնելով, որ Վրաստանը ունի նմանատիպ խնդիր Հարավային Օսեթիայի և Աբխազայի հետ: Բանախոսներն ասել են, որ դա չի կարող անդրադառնալ հայ-վրացական հարաբերությունների վրա: