Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալեքսեյ Սուքոյանն այսօր հրապարակել է դատավճիռ, որով մերժել է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի» հայցը: Հիշեցնենք, որ այս գործը գտնվում էր դատարանի վարույթում մոտ 8 ամիս, Արթուր Սաքունցը պահանջում է, որպեսզի Վլադիմիր Գասպարյանը հերքի կազմակերպության գործարար համբավն արատավորող արտահայտությունները և վճարի 10 դրամ սիմվոլիկ փոխհատուցում:
Հայցվոր կողմի իրավունքները պաշտպանող փաստաբան Վահե Գրիգորյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք մտադիր են բողոքարկել դատավճիռը Վերաքննիչ դատարանում, երբ իրենց կտրվի դատարանի վճիռը, այսօր հրապարակվել է դրա միայն եզրափակիչ մասը:
Հիշեցնենք, որ Սաքունցը դիմել էր դատարան, քանի որ, իրավապաշտպանի պնդմամբ, գործող ոստիկանապետը դեռ ՀՀ պաշտպանության փոխնախարար եղած ժամանակ մի քանի հարցազրույցներում զրպարտել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: ՀԿ-ն պահանջում է, որ Վլադիմիր Գասպարյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի` Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող որդեկորույս մայրերին վիրավորելու համար, հրապարակայնորեն հերքի զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հօգուտ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի բռնագանձի 10 (տասը) ՀՀ դրամ:
Գասպարյանը «Հրապարակ» օրաթերթին հոկտեմբերի 17-ին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել էր. «Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, նախարարի նկատմամբ, ես տեսնում եմ թույն մեջները: 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու… Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ միոտանին: Ես ասում եմ՝ էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ որ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»:
Վլադիմիր Գասպարյանը նաև «Զինուժ» ծրագրում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է. «Ոնց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի»: