Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկը տոկոսով փող է տվել քաղաքացի Ռուբիկ Սևանյանի փեսային` Սևանյանների տունը իր ընկերներից մեկի անունով գրանցելով: Պարտքը ժամանակին չվճարելու պատճառով` տան նոր սեփականատերը դիմել են դատարան` Սևանյաններին տնից հանելու պահանջով: Իսկ Սևանյանները հակընդդեմ հայց են ներկայացրել, որը վարույթ չի ընդունվել: Այժմ սույն գործի քննությունը հասել է Վճռաբեկ դատարան, որի հաջորղ նիստը կայանալու է օգոստոսի 17-ին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է ինքը` Ռուբիկ Սևանյանը եւ նրա շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
«Նախ 2%-ից բարձր գումար տալը արդեն հանցագործություն է, վաշխառություն: Բացի դա, դատարանը պետք է ընդունի, որ տունը գրավ է դրված: Մենք տունը չենք վաճառել: Այն արժի մոտ 40.000 ԱՄՆ դոլար, իսկ փեսան վերցրել է 20.000:
Վատագույն դեպքում ` պարտքը չվճարելու դեպքում, տունը պետք է վաճառվի և պարտքը մարելուց հետո մնացած գումարը պետք է տրվի մեզ»,- Epress.am-ի հետ զրույցում իրենց պահանջը պարզաբանել է Սևանյանը:
Նշենք, որ ավելի ուշ Epress.am-ի հետ կապվել է հակառակ կողմի շահերի պաշտպան Տիգրան Խուրշուդյանը, ով նշել է, որ իրականում գործը կապված չէ ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժշկի հետ, այլ` մեկ այլ բժշկի: Բացի դա, Խուրշուդյանը ընդգծել է, որ հակառակ կողմի ասածը զրպարտություն է և ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում, այստեղ ոչ թե տոկոսով գումար տալու խնդիր է, այլ առքուվաճառքոի պայմանագիր է կնքվել:
Ըստ Սևանյանների պաշտպան Տիգրան Հայրապետյանի` այս գործի քննության մեջ դատարանները երկու կոպիտ սխալ են թույլ տվել: Նախ`Մալաթիայի վարչական շրջանի դատարանի դատավոր Իսկուհի Վարդանյանը մերժել է միևնույն վարույթում քննել նույն վեճի առարկայի մասին պատասխանող կողմի բերած հակընդդեմ հայցը և նրա դեմ արդեն քննվող հայցը, ինչը դատավարության մասին օրենքի խախտում է և դատարան դիմելու սահմանադրական իրավունքի ոտնահարում:
Երկրորդ` վերաքննիչ դատարանում կողմը միջնորդել է կասեցնել գործի քննությունը, քանի որ Սևանյանների հակընդդեմ հայցը դեռ գտնվում էր առաջին ատյանի` առանձին վարույթում: Այս միջնորդության մերժումը ստանալուց հետո` փաստաբանը դատավոր Նաիրա Բարսեղյանին բացարկ է փորձել հայտնել, սակայն իրեն լռեցրել են: «Սա իշխանության յուրացում է, հանցագործություն, ինքնիրավչություն: Ով ուզում է լինի, իրավունք չունի կողմին թույլ չտալ արտահայտվել դատարանում»,- ասել է Տիգրան Հայրապետյանը: Այժմ կողմը դիմել է Վճռաբեկ դատարան` վիճարկելու Վերաքննիչ դատարանի պահվածքը:
Հայրապետյանի խոսքով`Վերաքննիչ դատարանների դեմ փաստաբանների վերջերս կազմակերպված գործադուլ նիստը նշում էր դատարանի իրական խախտումների 5%-ը, իրականում դրանք շատ ավելի են:
Ըստ փաստաբանի` դատական համակարգի անմխիթար վիճակի առաջին պատճառը ոչ թե դատարանի կախյալ լինելն է, այլ դատավորների մեծ մասի անգրագիտությունը, որը թույլ չի տալիս նրանց հիմնավորումներ ընտրել ու թաքցնել որոշումը պատվերով ընդունած լինելու փաստը:
«Դատարանը պետք է ինքը որոշում կայացնի: Գոնե ինքը պետք է կարդա որոշումը, որպեսզի չկրկնվեն դեպքերը, երբ վճիռը հրապարակելուց դատավորը սկսում է մի գործի մասին խոսելով ու ավարտում մեկ այլ գործով»,- ասել է փաստաբանը: