Սիրիայում արդեն տևական ժամանակ զարգացող կոշտ հակամարտությունը կառավարության ու նրանից դժգոհ ուժերի միջև վերածվել է իրական քաղաքացիական պատերազմի։ Կյանքի համար անապահովության մթնոլորտում է հայտնվել, բնականաբար, նաև Սիրիայի հայկական համայնքը, նշում է Հայ Ազգային Կոնգրեսն այսօր տարածած իր հայտարարության մեջ` ընդգծելով, որ վաղուց կանխատեսելի էր իրադարձությունների այսօրինակ ընթացքը և կանխատեսելի էր, որ «նման դեպքում Սիրիայում վտանգված մեր հայրենակիցներն իրենց հայացքը պետք է առաջին հեթին հառեին դեպի Հայաստան»։
«Հայաստանի իշխանությունները, ինչպես պարզվում է, այդ ուղղությամբ ամենաչնչին նախապատրաստությունն անգամ չեն տեսել։ Ավելին, նրանք անուղղակի ձևով փորձում են խոչընդոտել, դժվարացնել սիրիահայ փախստականների մուտքը Հայաստան։ Այդ տիպի անամոթ մի քայլ է «Արմավիա» ընկերության կողմից ինքնաթիռի տոմսերի գնի կտրուկ բարձրացումը։ Սիրիահայերի ողբերգության ծանր պահին նրանց սատար կանգնելու հարցում ոչ մի կերպ չի նկատվում նաև Հայ Առաքելական եկեղեցու որևէ նախաձեռնություն։
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է վարչախմբի հանցավոր ու ամոթալի գործելակերպը, պահանջում է շատ արագ մշակել ու իրականացնել համարժեք միջոցառումներ, ընդհուպ՝ կարիք ունեցողներին անվճար Հայաստան տեղափոխելու, նրանց կենցաղը այստեղ կազմակերպելու գործում»,- նշում են հայտարարության հեղինակները։