Մի կողմից՝ հայերը փախչում են երկրից, մյուս կողմից՝ սիրիահայերը գալիս են Հայաստան՝ փրկվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող դեպքերի և սիրիահայերի՝ Հայաստանում ապաստան փնտրելու փաստին անդրադառնալով` ասել է Ղարաբաղ Կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:
Բանախոսը նկատել է, որ Հայաստանը պետք է խելամիտ գտնվի և հնարավորություն տա սիրիահայերի կուռ հանրույթին գալու այստեղ, այլ ոչ թե Ռուսատան, Եվրոպա կամ ԱՄՆ:
«Մոլորակի վրա իշխում է այն համակարգը, որը միշտ եղել է, մի ամբողջ քսակ է գործում, որ տնօրինում է մարդկանց ճակատագրերը: Նրանք որոշել են, որ մարդը պետք է լինի սպառող, գիշատիչ, ըստ իրենց՝ համակարգը պետք է պահպանվի: Մարդկությունը ընդդեմ փողի պատերազմն է շարունակում:
Սիրիան ինքն իրեն ոչնչացնում է: Իսկ մենք մնում ենք էշի ականջում քնած: Օլիգարխները իրար են ուտում, ով օլիգարխ չէ, փորձում է դառնալ: Սիրիան մեզ ցույց տվեց, որ որտեղ էլ լինենք, այդ պատուհասը կարող է մեզ էլ հասնի»,-ասել է Մանուչարյանը:
Ըստ նրա` կարևոր քայլ է կատարել Արցախը, որը կարող է վճռորոշ լինել ոչ միայն սիրիահայերի տեղավորման համակարգ ձևավորելու հարցում, այլև առհասարակ նոր քաղաքական մթնոլորտ ստեղծելու համար:
«Արցախում ստեղծվել է մի բուռ խելացի մարդկանց խումբ, որ հավաքվել էր Վիտալի Բալասանյանի շուրջ: Դա քաղաքական մի միավոր է, որ ցույց է տվել, որ ինքը ալտերնատիվ է: Պետք է փորձել ողջ հայության ուժերը նման կերպ կենտրոնացնել: Դրա լուրջ հայտը կա, կամ ուժը կձևավորվի և ավելի մեծ հեռանկար կունենա, կամ էլի կբզկտենք, կհեռացնենք, որ չխանգարի կազինո խաղալուն»,- ասել է Աշոտ Մանուչարյանը:
Արցախի ընտրությունների և դրանց հետևող միջազգային դիտորդական խմբին գնահատական տալով` Մանուչարյանը ասել է, որ «միջազգային» բառը անհատեղելի է «լուրջ» բառի հետ, ուստի լեգիտիմ ընտրությունների մասին նրանց հայտարարություններն անլուրջ են: