Հայաստանում կան 350.000 ոչ առաքելական դավանանք ունեցող մարդիկ, որոնցից մոտ 100.000-ը աղանդավոր են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը և հավելել, որ եկեղեցին պետք է այդ մարդկանց «փրկի աղանդների ճիրաններից»:
Թեև այս թիվը մեծ չէ, այնուհանդերձ, աղանդների դեմ պայքարը, ըստ քահանայի, առաջնահերթություն է հայ եկեղեցու համար: Աղանդների դեմ արդյունավետ պայքար տանելու համար օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, կարծում է տեր Եսային:
«Աղանդ ասելով՝ չենք վիրավորում, ընդամենը բնորոշում ենք նրանց: Աղանդ համարվում են նրանք, ովքեր շեղվում են ավետարանական եկեղեցուց: Մենք չենք համարում աղանդ ռուսական և ուղղափառ եկեղեցիներին»,- ասել է քահանան:
Ըստ նրա` Առաքելական եկեղեցին նոր է սկսել աղանդ համարել, օրինակ, ավետարանչականներին: Պատճառը, քահանայի պարզաբանմամբ, այն է եղել, որ ավետարանչական եկեղեցին հոգևորսությամբ է սկսել զբաղվել և համագործակցել այլ աղանդների հետ, մինչդեռ ի սկզբանե նրանք եկել էին Հայաստան առաքելական եկեղեցուն օգնելու համար:
«Աղանդները գրավում են պրիմիտիվ քարոզով, հեշտ հոգևոր կյանք առաջարկելով: «Կյանքի խոսք» եկեղեցում քարոզի վերջում ասում են, թե ովքեր են առաջինը եկել: Ասում են` դուք եք սրբերը: Ո՞վ չի գնա նման հեշտ փրկության տեղ»,- ասել է տեր Եսայի քահանան:
Նա զգուշացրել է չվերցնել տներում բաժանվող Աստվածաշունչները, հատկապես եթե դրանց վրա կա Ն.Ա.Թ. գրառումը, քանի որ այդ հրատարակությունները, ըստ քահանայի, աղավաղում են իրական Աստվածաշունչը: