Home / Հայաստան / Ադիբեկյանի հարցումները տապալվել են, նա վտանգավոր է հասարակության համար. Խանումյան

Ադիբեկյանի հարցումները տապալվել են, նա վտանգավոր է հասարակության համար. Խանումյան

Ահարոն Ադիբեկյանը  լրջագույն վտանգ է ներկայացնում հասարակության համար: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբի լրատվության և հասարակայնության հետ կապերի համակարգող Հայկ Խանումյանը:

Հիշեցնենք, որ Բալասանյանը հուլիսի 19-ին կայացած ԼՂՀ նախագահի ընտրություններում հավաքել է ձայների 32,5 տոկոսը, իսկ գործող նախագահ Բակո Սահակյանը` 66,7-ը:

«Բակո Սահակյանին աջակցություն հայտնեցին, կարծեմ, երկու հետաքրքիր անձինք, մի փոխնախարար ունենք մի քիչ Հիտլերին (սպորտի փոխնախարար – խմբ.) նման` Խաչիկ Ասրյանը, և Մենուա Հարությունյանը («Դե Ֆակտո» ամսագրի տնօրեն, ՀՀԿ-ական): Կարծում եմ` սա նույնպես խորհրդանշական երևույթ է, երբ  հենց այս երկու անձինք հատկապես աջակցեցին Բակո Սահակյանին: Եվ մի անձ կար, որն այս ամբողջ ընթացքում, զբաղվեց ապատեղեկատվությամբ Վիտալի Բալասանյանի դեմ` ընդհուպ մինչև զրպարտություններ տարածելով: Այդ անձը բոլորին հայտնի է  Ահարոն Ադիբեկյան անունով, որը վարձված էր «Ազատ հայրենիք» (արցախյան կուսակցություն, որի ղեկավարը վարչապետ Արայիկ Հարությունյանն է – խմբ.) կուսակցության կողմից: Ի դեպ, «Ազատ հայրենիքի» անունն էլ չգիտեր, ասում էր` «Ազատ Արցախ»: Այս անձի անցկացրած բոլոր հարցումներն Արցախում տապալվել են, եթե սոցիոլոգիական ընկերության համար հինգ-տաս տոկոս շեղումը նորմալ է , այս  անձի մոտ մի քանի հարյուր անգամ սխալ սոցիլոգիական կանխատեսումներ են եղել, թե’ 2007 թվականի նախագահական ընտրություներին, թե այս ընտրություններին», – ասել է Հայկ Խանումյանը:

Վերջինիս խոսքով`  այս ընտրությունների սկզբից Ադիբեկյանը Վիտալի Բալասանյանի համար 3,5 տոկոս էր կանխատեսում, վերջում հասցրեց 20 տոկոսի, կրկին սխալվեց, որովհետև Բալասանյանը 33 տոկոս հավաքեց: Սրանից ելնելով` Հայկ Խանումյանը երկու հետևություն է արել` կամ այդ անձը պրոֆեսիոնալ չէ, կամ էլ վարձու սոցիոլոգ է:

 

«Վիտալի Բալսանյանը դեռևս նախընտրական արշավի սկզբին Ահարոն Ադիբեկյանի մասին ասել էր, որ նա 20-րդ դարի 17-20 թվականերին Արցախում հայտնված

անգլիական միսիոների դեր է տանում: Ես կարծում եմ, որ ավելի վտանգավոր անձ է  քան 17-20 թվականին հայտնված անգլիական միսիոները: Էս մարդը Արցախում  շուտով հայտնվելու է,  և սոցհարցում է անցկացնելու արդյո՞ք արցախցիները կողմ են տարածք պահելուն, թե դեմ են, և կտեսնեք, որ սա տարածք հաձնելու կողմնակիցների թիվ է բերելու: Էս ֆունկցիայից, ուզեի, որ Ահարոն Ադիբեկյանը զուրկ մնար: Այս մարդը լրջագույն վտանգ է ներկայացնում հասարակության համար»,- ասել է Հայկ Խանումյանը:

Նա նաև Վիտալի Բալասանյանի շնորհակալությունն է փոխանցել հայաստանյան հանրությանը, որի համակրանքը, Խանումյանի խոսքով, մեծ մասամբ հենց իրենց թեկնածուի օգտին էր: