Հուլիսի 21-ին Վանաձորում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ծառայող 22-ամյա Աշոտ Սարդարյանի հուղարկավորությունը: Ինչպես հաղորդել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Սարդարյանը ՀՀ զինված ուժերում ծառայում էր արդեն մեկ տարի և զորակոչվել էր Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետն ավարտելուց հետո: Ծառայությունն անցկացնում էր Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում:
Հուլիսի 21-ին տարածած հաղորդագրության մեջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշել է, որ Սարդարյանը մահացել է հուլիսի 18-ի երեկոյան, Մուրացանի զինվորական հոսպիտալում` բժշկական օգնություն ստանալու ընթացքում, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տեղեկատվություն չի տարածել ՀՀ զինված ուժերում մահվան դեպքի մասին:
Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է զինվորի մահը` նշելով, որ նա մահացել է ստամոքսի քաղցկեղից: