«Պինցետ» խմբի մենակատար Ծոմակի (Արմինե Օգանեզովա)՝ Հայաստանից հեռանալը անսպասելի քայլ չէր, քանի որ DIY բարի պայթեցումը ոչ միայն չդատապարտվեց, այլև խրախուսվեց ԱԺ որոշ պատգամավորների և ԱԺ փոխնախագահի կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Անհանդուրժողականություն կա այլ կրոնների հանդեպ, որը բերում է այդ համայնքների կղզիացման: Նույնը սեռական փոքրամասնությունների դեպքում: Նրանց դեմ պայքարելով՝ խնդիրը մղում ենք ընդհատակ, այլ ոչ թե վերացնում ենք այդ մարդկանց: Ես պատկերացնում եմ՝ ինչ սպառնալիքներ է Ծոմակը ստացել, երևի նրա կյանքը անհնարին էր դարձել Հայաստանում: Մարդիկ պաշտպանված չեն մեր երկրում ֆեոդալներից, օլիգարխներից, ընտանեկան բռնություններից»,- ասել է իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ միասեռականների դեմ պայքարը մարդիկ արդարացնում են հայրենասիրության պաթոսով, քանի որ օլիգարխների կամ իշխանության մոտ կանգնած մարդկանց կողմից թույլ տրված անօրինությունների դեմ պայքարել վախենում են:
Իրավապաշտպանը նկատել է նաև, որ շատ օրինազանցություններ հասարակությունը չի դատապարտում ոչ թե վախից կամ անզորությունից դրդված, այլ այն պատճառով, որ ունի կարծրատիպային մտածողություն: Ըստ Իշխանյանի՝ բռնաբարության զոհ դարձած մարդուն հասարակությունը արհամարհում է, մշտապես զոհի պիտակ տալիս, իսկ այդ հանցագործությունը կատարած մարդկանց հանդեպ անհանդուրժող չի գտնվում: Իրավապաշտպանը նկատել է նաև, որ նույնասեռականների մասին խոսելով`շատերը նրանց համամետում են Կոմայգու մարմնավաճառների հետ, ինչը, ըստ նրա, սխալ է:
«Ի դեպ, հավանական եմ համարում, որ միասեռականների մասին անհանդուրժողական մտքեր արտահայտողներ են հենց օգտվում այդ մարմանվաճառների ծառայություններից» ,- ասել է Իշխանյանը:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, բնապահպան Կարինե Դանիելյանի կարծիքով` Ծոմակը իր անձի շուրջ դիտավորյալ է աղմուկ բարձրացրել, որպեսզի հեշտ լինի Եվրոպական երկներում ապաստան ստանալը: «Ես անհանդուրժող եմ սեռական փոքրամասնությունների քարոզչության հանդեպ, քանի որ դա դեմ է մեր ազգային և քրիստոնեական արժեքներին: Եթե քաղաքակակրթությունը գնում է ինքնաոչնչացման, ես համաձայն եմ, թող իմ ազգը հետամնաց լինի»,- ասել է Դանիելյանը: