Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Epress.am-ի հետ զրույցում անդրադառնալով 22-ամյա զինծառայող Աշոտ Սարդարյանի մահվան փաստին, ասել է, որ դեռ դատաբժշկական փորձաքննություն չի անցկացվել, ուստի հնարավոր չէ հստակ ասել` ինչն է մահվան պատճառն հանդիսացել:
Միևնույն ժամանակ, ՊՆ-ից Epress.am-ին հայտնել են, որ Սարդարյանը մահացել է քաղցկեղից և դրա դեմ բուժվում էր հոսպիտալում արդեն ավելի քան 10 օր:
Զինվորի ծնողները Սաքունցին ասել են, որ իրենց որդին որևէ առողջական խնդիր չի ունեցել բանակ զինակոչվելու ժամանակ, սակայն վերջին շրջանում ունեցել է մեջքի ցավեր և դրա դեմ է բուժում ստացել, մինչդեռ, հավանաբար, թիկունքի ցավը ստամոքսի խոցի հետևանք է եղել, ինչն էլ, ըստ ծնողների, տղայի մահվան հավանական պատճառն է:
«Իրավունք չունեն հայտատարել` ինչից է մահացել զինվորը, քանի դեռ չկա դատաբժշկական եզրակացություն: Իսկ դատաբժշկական փորձաքննություն չի կարող անցկացվել, քանի դեռ քրեական գործ չի հարուցվել, իսկ գործ դեռ չի հարուցվել: Բացի դա, ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չպետք է հայտարարի, որ ամեն ինչ արել են՝ զինվորի կյանքը փրկելու համար, դա պետք է քննիչը ասի` արել են ամեն հնարավորը, թե ոչ»,- ասել է Սաքունցը` նկատելով, որ սա զինվորների բժշկական օգնություն ստանալու իրավունքի խախտման հերթական դեպքն է:
Իրավապաշտպանը հիշեցրել է նաև, որ զինվորները ըստ օրենքի պետք է տարին երկու անգամ բուժզննում անցնեն, ու տարօրինակ է, որ հիվանդությունն այսքան ուշ է հայտնաբերվել: