ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ավարտել է Երևան-Աբովյան-Երևան երթուղիով ուղևորափոխադրում իրականացնող «Քինգ դելյուքս» և Երևան-Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող «Տրանս կոնֆորտ» ընկերությունների դիմումների հիման վրա կատարված ուսումնասիրությունները:
Համաձայն ՏՄՊՊՀ ներկայացված դիմումների՝ վերոնշյալ ընկերությունների գործունեությունը խոչընդոտվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի բարեգործական տրանսպորտային միջոցների կողմից:
ՏՄՊՊՀ-ը, տեղեկացնում է, որ կատարվել է լայնածավալ աշխատանք՝ փաստաթղթերի ուսումնասիրությունից մինչև դիտանցումներ երթուղիներում: Պարզվել է, որ խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում:
Հանձնաժողովի որոշմամբ, ուսումնասիրությունների ողջ փաթեթը այսօր կուղարկվի ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Կոտայքի մարզի երթուղայինների 40 վարորդներ գործադուլ էին հայտարարել: Նրանք բողոքում էին, որ Ծառուկյանի բարեգործության արդյուքնում մնացել են անգործ:
Բանն այն է, որ մոտ 6 ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը Աբովյանի բնակիչների համար անվճար երթուղայիններ է սկսել աշխատեցնել: Աբովյանի ներքաղաքային, ինչպես նաև Երևան և հարակից այլ համայքներ գնացող վճարովի երթուղայինները կորցրել են իրենց ուղևորներին և այժմ անիմաստ փող ծախսելուց գերադասում են թողնել գործը:
«Գագիկ Ծառուկյանն այս բարեգործությունն արել է միայն հայտնի Պալաչին` Արթուր Հարությունյանին ճնշելու նպատակով, ով ՀՀԿ գրասենյակ էր բացել Աբովյանում` քաղաքում, որ ԲՀԿ-ն իր սեփականություն է համարում: Իսկ Պալաչի բիզնեսը իր երթուղայինի գծերն են: Արդյուքնում` օգտվում ենք մենք` բնակիչներս, որ ստանում ենք անվճար երթևեկելու իրավունք»,- ասել է Աբովյանի բնակիչ Նարինե Հարությունյանը:
Երթուղայինի վարորդների գործադուլի առթիվ հայտարարություն էր տարածել ԲՀԿ անդամ Էլինար Վարդանյանը` կարծիք հայտնելով, թե բողոքի ակցիա անող վարորդները պատվեր են կատարում:
«Այն 40 վարորդները, որոնք ստիպողաբար գործադուլ են անում, որևէ կապ չունեն գծի տերերի նեղ անձնական շահերի կամ բիզնես ապաշնորհության հետ: Ի դեպ, քիչ առաջ ինձ հետ կապվել են մի քանի տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչներ («Տիգրան» ՍՊԸ, «ՎԱԳ-Տրանս» ՍՊԸ , «Գալակտիկա» ՍՊԸ), որոնք պատրաստակամություն են հայտնել ավելի լավ պայմաններով աշխատանքի ընդունել նրանց բոլորին: Այնպես որ, վարորդների հարցը նույնպես փակված է»,- ասել էր ԲՀԿ անդամը: