Պետական դավաճանության հոդվածով դատված մեղադրվող Աշոտ Չտրկյանի մայրը ՀՀ նախագահին ուղղված բաց նամակում խնդրում է հետևել, որպեսզի քրեական գործի քննությունը Վերաքննիչ դատարանում արդար անցնի և բացահայտվի, որ առաջին ատյանի որոշումը անհիմն է: Նամակում Անահիտ Չտրկյանը նշում է, որ իր որդու դեմ գործը սարքել էր ԱԱԾ քննիչ Արմեն Թևանյանը` համոզելով մյուս մեղադրյալ Կարեն Մեհրաբյանին ասել, թե Չտրկյանը գիտեր իր գործողությունները մասին` խոստանալով այդ դեպքում ապահովել նրան մեղմ պատիժ:
«Ինչո՞ւ էր քննիչին դա անհրաժեշտ, որովհետև գործ էր սարքում անտեր, անհայր, պաշտոնյա հայր չունեցող Աշոտ Չտրկյանի դեմ: Քանակ էր ապահովում, արդեն բարձրաձայնել էր հանրապետությունով մեկ, որ «աշխատանք է կատարել», դավաճաններ է բռնել, մեկի վրա պիտի բարդեր», – գրում է Անահիտ Չտրկյանը:
Ըստ նրա` գործի սարքված լինելու մասին է վկայում նաև այն, որ դատավարության ողջ ընթացքը, որում փաստաբանները բացահայտել են նախաքննող մարմնի դիտավորությունը, չի ցուցադրվել հեռուստատեսությամբ, այլ միայն մեղադրական դատավճիռն է հեռարձակվել:
Մայրն ընդգծում է, որ Աշոտ Չտրկյանի մեղքի մասին վկայող ոչ մի ապացույց, ոչ մի հեռախոսային լսում, ոչ մի վկա, ոչ մի գործողություն գործում չկա:
«Իր սև գործը շարունակելու համար «քննիչ» Ա. Թևանյանը կարևորը` մարդ է ձերբակալել, հոդված ոնց լինի կգտնի: Ոչինչ, որ անմեղ մարդ է դատապարտելու, խորտակելու ևս մի երիտասարդ կյանք, որի հայրը ՆԳ աշխատակից է եղել և մահացել է ինֆարկտից, երբ Աշոտը չորս տարեկան է եղել. ավելի լավ` «անտեր տղա է», ոչինչ, որ երիտասարդ մի ընտանիք ևս կքայքայվի, ոչինչ, որ Աշոտի երեք տարեկան երեխան որբ կմեծանա` հոր չարած մեղքն էլ վրան խարանված: Ու գտնում է նոր հոդված` 38/299 հայրենիքի դավաճանին օժանդակող և հայտարարում է. «Բրթելով էլ լինի, քեզ դատելու եմ, որ Թուրքիա ես գնացել աշխատելու»: Այդ դեպքում ինչո՞ւ քննիչը չի դատապարտում հայ ազգի 50%-ին: Ինչո՞ւ էր ուզում քննիչը անպայման «բրթելով դատել» Աշոտին, ի՞նչ էր թաքցնում, ինչ՞ու է «անտեր տղաներ» գտել առանց փաստի, առանց հիմքերի մեղադրական գործ ստեղծել, արագ փակել: Միթ՞ե ազգային անվտանգությունը այնքան թույլ էր աշխատում, որ չկարողացավ որևէ վկա, որևէ հեռախոսային խոսակցություն, որևէ նկարահանում գտնել ապացուցելու համար Աշոտի մեղքը: Ոչ, թույլ չի աշխատում, այլ փաստեր չկան: Ո՞վ պետք է պատասխանի այս հարցերին, ո՞վ պետք է կանխի այս անարդարությունը: Ահա դատական համակարգի անարդար, շինծու գործի մի վառ ապացույց», – գրում է Անահիտ Չտրկյանը:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսանը պետական դավաճանության գործով մեղարդվող 6 ամբաստանյալներին, այդ թվում` Աշոտ Չտրկյանին, մեղավոր է ճանաչել: Դացաճանության մեջ մեղադրվողներ Կարեն Մեհրաբյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, Ռոմիկ Մաթևոսյանը և հանցագործությանը օժանդակելու մեջ մեղադրվող Աշոտ Չտրկյանը դատապարտվել են 10 տարվա ազատազրկման: Հանցագործության մասին իմանալու և չհայտնելու մեջ մեղադրվող Կարեն Պետրոսյանը և Արթուր Ավետիքյանը դատապարտվել են 1 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ նույն հոդվածով մեղադրվող Արթուրի եղբայր Դավիթ Ավետիքյանի նկատմամբ սահմանվել է 500.000 դրամի չափով տուգանք:
Բոլոր 6 անձինք դատավճիռը բողոքարկում են Վերաքննիչ դատարանում: