ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ շաբաթ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին խորհուրդ է տվել մի փոքր հանգստանալ` մինչև հաջորդ ընտրություններ, որից հետո Ղուկասյանը ՀՀԿ-ի Շիրակի մարզի կառույցից դուրս գալու դիմում է գրել: Սակայն Վարդան Ղուկասյանը փորձեր է ձեռնարկում, որպեսզի Գյումրու քաղաքապետի թեկնածուի հարցում Սերժ Սարգսյանը փոխի իր դիրքորոշումը, գրում է «Հրապարակ» օրաթերթը: Թերթի տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետը փորձում է դրան հասնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով, ով, նախագահ լինելով, «Աստծո ընտրյալ է, այն էլ` ավելի մեծ տարածքի վրա»:
«Պուտինի մոտ Վարդան Ղուկասյանի համար բարեխոսելու հանձնառությունն իրենց վրա են վերցրել կազակական մի քանի ատամաններ, որոնց հետ Վարդան Ղուկասյանը բավական ջերմ հարաբերություններ ունի: Ավելին` քանի որ Ղուկասյանին շնորհել են կազակական զորքերի գեներալի կոչում, հիմա նա հույս ունի, որ Ռուսաց ցար Վլադիմիր Պուտինը պետք է տեր կանգնի իր գեներալին», – գրում է թերթը:
Ըստ «Հրապարակի»՝ այս պնդումները միայն առաջին հայացքից են անհեթեթ թվում, մինչդեռ որոշ մարդիկ վստահեցնում են, որ Հայաստանում նույնիսկ այսպիսի հարցերը կարող են լուծվել ռուսական արքունիքի միջամտությամբ: Այլ խնդիր է, որ Սամվել Բալասանյանի համար էլ այլ մարդիկ կարող են միջնորդած լինել ռուսական արքունիք:
Այն, որ Վարդան Ղուկասյանը չի հրաժարվել առաջադրվելու մտադրությունից, ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ նա, նախագահ Աերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո վերադառնալով Գյումրի, հրաժարվեց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից: Թերթին հայտնի է, որ որևէ մեկը Վարդան Ղուկասյանին չի պարտադրել հրաժարվել մարզի ՀՀԿ ղեկավար պաշտոնից, նա դա արել է ինքնակամ: Ղուկասյանի այս քայլը մի բացատրություն ունի, նա հասկանում է, որ ՀՀԿ-ն կարող է որոշում կայացնել իր թեկնածությունը չպաշտպանելու մասին: