Շուրջ մեկ տարի «Գորիս» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող զինծառայող Սուրեն Կիրակոսյանը, ում հունիսի 12-ին դատապարտել են 2 տարվա ազատազրկման, երեկ կրկին հացադուլ է հայտարարել: Առաջին հացադուլը նա հայտարարել էր ապրիլին, և այն տևել էր 52 օր:
Կիրակոսյանի շահերը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում պաշտպանելու համար զինվորի մայրը՝ Զվարթ Կիրակոսյանը, դիմել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպություն: Փաստաբան Գայանե Խաչատրյանը նշված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել, որի հիման վրա հուլիսի 27-ին ժամը 14-00-ին դատական նիստ է նշանակել:
Մինչ զորակոչը և զորակոչից հետո` ծառայության օրվանից ի վեր, Սուրեն Կիրակոսյանը ունեցել է և ունի առողջական խնդիրներ, ծառայության մեծ մասն անցկացրել է հոսպիտալներում, սակայն չի ստացել պատշաճ բուժում, որն էլ առիթ է հանդիսացել զորամասը ինքնակամ լքելու համար:
Դեռ ավելին՝ ինչպես հայտնում են «Հելսինկյան ասոցիացիայից», թեև ըստ ռազմաբժշկական փորձաքննությունների եզրակացության և ՀՀ ՊՆ հրամանի համապատասխան հոդվածներով նա ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության, այնուամենայնիվ, շարային ծառայություն է անցել, որի մասին վկայում է զինվորական գրքույկը, որտեղ նշված է, որ Կիրակոսյանը պիտանի է շարային ծառայության: Այն մասին, որ Կիրակոսյանի դեպքում անհրաժեշտ է պարտադիր պահպանել ՀՀ ՊՆ հրամանի պահանջները անգամ նշվել է բժշկական եզրակացությամբ, որը անտեսվել է:
Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում զինվորի մայրը պատմել է, որ ոչ մի բժշկական օգնություն չստանալով` որդին դիմել է փախուստի` դրանում տեսնելով միակ փրկությունը: Նրան` մեկ տարի 27 օր փնտրելուց հետո (որից 5 ամիսը զինծառայողը տանն է անցկացրել) հայտնաբերել են և մեղադրանք առաջադրել ծառայությունից խուսափելու համար: Արդեն մեկ տարի է` Սուրենն անազատության մեջ է: Մոր խոսքով` նրա պահանջը մեկն է եղել` բուժել իրեն, ինչից հետո նա պատրաստ է շարունակել ծառայությունը: