«Կանանց Աջակցման Կենտրոնը» ԶԼՄ-ներին տրամադրել է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Նոնա Գալստյանի հոդվածը, որը վերաբերում է Սանկտ-Պետերբուրգում սկեսուրի կողմից խոշտանգված Մարիամ Գևորգյանի (նկարում` ձախից) գործի վերաբերյալ` ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանի տեսակետին:
Գալստյանը, խոսելով Բաբայանի այն տեսակետի մասինը, թե սույն քրեական գործով բողոքի ակցիաների կազմակերպումն ու իրագործումը ոչ միայն իմաստազուրկ է, այլ նաև որոշ դեպքերում կարող է դիտարկվել որպես դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու միջոց, նշում է, որ ներկայումս ներպետական օրենսդրությամբ նախատեսված են մի շարք երաշխիքներ, որոնք նպատակ ունեն ապահովելու արդարադատություն իրականացնելիս դատավորի անկախության ու միայն օրենքին ենթարկվելու սկզբունքի իրագործումը:
«Ավելին, նման տեսակետով Ա.Բաբայանը, որպես ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչ և պաշտոնյա, ինքն առաջինն է կասկածի տակ առել դատավորի կողմից օրենքի պահանջների, մասնավորապես, արդարադատություն իրականացնելիս դատավորի անկախության և անկողմնակալության, հասարակական կարծիքի ազդեցությունից և քննադատված լինելու մտավախությունից ազատ լինելու պահանջների պահպանումը: Այլ կերպ ասած, Ա. Բաբայանը մտավախություն է հայտնել այն մասին, որ դատավորը կոնկրետ գործով այս կամ այն բովանդակության դատական ակտ կարող է կայացնել քննադատված լինելու մտավախությունից ելնելով կամ կողմնակի ազդեցությունների ճնշման տակ:
Ինչ վերաբերում է վերջինիս այն հայտարարություններին, թե տուժողի փաստաբան ներկայացուցիչը բազմիցս հրապարակել է այնպիսի տեսակետներ, որոնցով խախտվել է ամբաստանյալի անմեղության կանխավարկածը և որ փաստաբանն արդարադատություն պետք է պահանջի ոչ թե շոուների միջոցով, այլ մասնագիտական գիտելիքների օգտագործմամբ, ապա խորհուրդ կտայի, որպեսզի նման հայտարարություններ անելուց առաջ Ա.Բաբայանը համապատասխան փաստերով և ապացույցներով հիմնավորեր իր տեսակետները (որպիսիք, ի դեպ, առկա չեն): Պաշտոնյայի նման գործելաոճը ոչ միայն հարիր չէ ՀՀ դատաիրավական համակարգի աշխատակցին, այլև տեղիք է տալիս մի շարք հիմնավոր կասկածների, թե միգուցե նման ճանապարհով վերջինս` ի դեմս որոշակի կառույցի, ինքն է փորձում, այսպես ասած, «ճնշում գործադրել դատարանի և դատավորի վրա և վերջինիս թելադրել իր կամքը»», – գրում է Գալսըյանը:
Բացի դա, նա ընդգծում է, որ անհասկանալի է, թե Բաբայանը, տվյալ դեպքում, ինչ է հասկանում «շոու» ասելով և ինչն է գնահատում որպես «շոու»:
«Եթե «շոու» հանդիսանում է այն, որ տուժող Մ.Գևորգյանը, նրա հարազատները և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ հանդես են գալիս այս գործով հրապարակային դատաքննություն իրականացնելու պահանջով, ապա, ի գիտություն, նշեմ, որ գործի հրապարակային քննության սկզբունքն` ի թիվս այլնի, ոչ միայն կարևոր երաշխիք է օրինական և հիմնավորված դատական ակտերի կայացման համար, այլև ունի դաստիարակչական նշանակություն գործի քննությանը ներկա գտնվող հասարակության անդամների իրավագիտակցության բարձրացման, դատական իշխանության և արդարադատության հանդեպ վստահության ձևավորման և ամրապնդման հարցում: Նշվածի մասին վկայում է նաև ՀՀ դատավորի վարքագծի 2-րդ կանոնում ամրագրված իրավական դրույթն այն մասին, որ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև լինի տեսանելի, համոզիչ և ընկալվի որպես արդարության հաստատում», – նշում է Գալստյանը: