ՀՀՇ Երիտասարդական միության գործադիր խորհրդի անդամներ Տիգրան Առաքելյանին և Սարգիս Գևորգյանին, ինչպես նաև Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Արտակ Կարապետյանին ու Դավիթ Քիրամիջյանին ազատազրկման դատապարտելը խայտառակություն է: Այս մասին ասված է ՀՀՇ Երիտասարդական միության գործադիր խորհրդի տարածած հայտարարության մեջ:
«Այս խայտառակ դատավարությունը, իրեն պատշաճող ոստիկանական սուտ վկայություններով, անհիմն մեղադրանքներով և կամակատար դատավորներով, կրկին գալիս է ապացուցելու, որ ՀՀ իշխանությունները, ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս, պատրաստ չեն մտնել քաղաքական պայքարի օրինական դաշտ», – նշում են հայտարարության հեղինակները:
ՀՀՇ Երիտասարդական միության գործադիր խորհուրդը կոչով դիմում է հասարակական-քաղաքական կազմակերպություններին` հավատարիմ մնալ համատեղ արձանագրված արժեքներին և սկզբունքային դիրքորոշում հայտնել երիտասարդներին ապօրինի դատապարտելու փաստի առնչությամբ:
Հայտարարության հեղինակները հայտարարում են նաև, որ ստեղծված իրավիճակին ոչ ադեկվատ վերաբերմունքի դեպքում անգամ շարունակելու են սկզբունքային պայքար մղել՝ պաշտպանելու ՀՀ ցանկացած քաղաքացու խախտված իրավունքները, անկախ նրա կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքներից և հասարակական դիրքից:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտել է վեց տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3 տարի 5 ամիս 19 օրվա, Դավիթ Քիրամիջյանին` 2 տարվա, Սարգիս Գևորգյանը` 1 տարի 11 ամիս 20 օրվա: Այս պահին անազատության մեջ է միայն Տիգրան Առաքելյանը, իսկ մյուս երեք ակտիվիստների նկատմամբ կալանքը կկիրառվի վճիռը ուժի մեջ մտնելուց` մեկ ամիս հետո: Երիտասարդների փաստաբան Ստեփան Ոսկանյանն արդեն հայտարարել է, որ իրենք բողոքարկելու են այս վճիռը Վերաքննիչ դատարան: Ակտիվիստներին մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ:
Մեղադրանքն առաջադրվել է 2011 թվականի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Այդ օրը Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստներ` Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանը, Սահակ Մուրադյանը, Դավիթ Քիրամիջյանը և Վահագն Գևորգյանը:
Հետագայում երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Այդ օրը վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, Տիգրան Առաքելյանը շուրջ մեկ տարի է գտնվում է անազատության մեջ:
Ըստ ոստիկանության միջադեպը սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով և Տիգրան Առաքելյանը միջամտել էր նրանց գործողություններին: Երիտասարդների պնդմամբ` միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետևանքով: Մասնավորապես, դատական գործի ընթացքում Տիգրան Առաքելյանը պատմել է, որ ոստիկանները ասել էին` «սրանք լևոնական են», և ծեծի էին ենթարկել ինչպես Կարապի լճի մոտ, այնպես էլ` ոստիկանության բաժնում: