Home / Հայաստան / Անահիտ Բախշյանը Աշոտյանի առաջարկն ընդունել է իր ցանկությամբ, բայց կուսակիցներին զգուշացրել է

Անահիտ Բախշյանը Աշոտյանի առաջարկն ընդունել է իր ցանկությամբ, բայց կուսակիցներին զգուշացրել է

ԱԺ նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը օգոստոսի 6-ից կաշխատի ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտում որպես փոխտնօրեն: Տիկին Բախշյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում վստահեցրել է, որ ինքը շարունակելու է իր օբյեկտիվ կեցվածքը` քննադատելով բոլոր արատավոր երևույթները, և պաշտոնն այդտեղ կապ չունի:

– Տիկին Բախշյան, ինչպե՞ս համաձայնեցիք ընդունել այդ պաշտոնը, այն դեպքում, երբ տակավին վերջերս Աժ ընդդիմադիր պատգամավորներից մեկն էիք, և այժմ էլ` ընդդիմադիր համարվող քաղաքական ուժի անդամ:

– Տարօրինակ է, որ նման հարց եք ինձ տալիս: Ես գնում եմ նախ իմ ցանկությամբ և շատ ուրախ եմ, որ այդ պաշտոնն են առաջարկել, ես համոզված եմ, որ ամեն մի պաշտոն գեղեցիկ է իր պաշտոնավարողով, դա վերաբերում է նախագահից մինչև չգիտեմ ով: Ինձ այդ պաշտոնն առաջարկվել էր հունիսի սկզբին պարոն Աշոտյանի կողմից, ես ասել էի, որ կմտածեմ: Ես մտածեցի, ուսումնասիրեցի, չնայած որպես կրթության ոլորտի մարդ` գիտեի, թե ինչ պետք է անեմ: Բայց, այնուամենայնիվ, այսպես ասած` «մուշտարու» աչքով ուսումնասիրեցի այդ գործունեությունը, խնդիրները, որոնք առկա են կրթության ոլորտում, որոնք ես թե՛ տնօրեն եղած ժամանակս, թե´ անցած 5 տարիներին որպես պատգամավոր շոշափել և փորձել էի այդ ամենի լուծումը գտնել: Ես կարծում եմ, որ իմ լիազորությունների շրջանակում կարող եմ և´ տեղում ուսումնասիրել, և´ լուծումներ առաջարկել իմ գործընկերներին: Իներցիան շատ է, պետք է այդ իներտ վիճակից դուրս գալ:

-Կուսակցության հետ քննարկե՞լ եք Ձեր որոշումը, «Ժառանգություն»-ում կո՞ղմ էին, որ Դուք այդ պաշտոնը ստանձնեք:

-Դա իմ որոշումն էր, և ես բոլորովին այդ պարտավորությունը չունեմ, որ քննարկեմ, դա քաղաքական պաշտոն չէ, իմ մասնագիտական ոլորտին վերաբերող առաջարկ է, որը ես ընդունեցի: Բայց այդքանից հետո ես նախապես մեր «Ժառանգության» գործընկերների և մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, այո, խոսել և ասել էմ, որ սիրով կընդունեմ, եթե նման առաջարկներ լինեն: Դա դեռ նոր-նոր այն ժամանակներն էին, երբ ես արդեն Աժ պատգամավոր չէի: Ես ասել էի, որ պետք է աշխատեմ կրթության ոլորտում:

– Մտավախություն չունե՞ք, որ հնարավոր է՝ Ձեզ մեղադրեն իշխանության հետ համագործակցելու, «խաղեր տալու» մեջ: Գուցե, հասարակությունը Ձեր այս քայլը սխալ հասկանա:

– Հասարակությունը թող նախ մտաբերի, թե այս 5 տարիների ընթացքում, երբ ես քաղաքական ընդդիմադիր հավաքական ուժի ներկայացուցիչ էի, ինչպես եմ համագործակցել կրթության և գիտության նախարարության հետ: Եվ քննադատել եմ, և օգնել եմ, և եղել եմ «Հանրակրթության մասին» օրենքի ենթահանձնաժողովի նախագահ: Հասարակությունը պետք է հիշի, որ կրթությունն ապակուսակցական ոլորտ է, և այնտեղ որքան քիչ կուսակցական խնդիրներ լինեն, այնքան կօգտվի ոլորտը, նաև պետք է հիշեն, թե ես որքան եմ քննադատել իշխանություններին կրթության ոլորտը քաղաքականացնեու համար: