Լուսնի վրա առկա հելիում-3-ի պաշարները բավարար կլինեն երկրի բնակչությանը առաջիկա 5000 տարիների ընթացքում էլեկտրաէներգիայով ապահովելու համար: Այս մասին այսօր հայտարարել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Լուսնի և մոլորակների հետազոտությամբ զբաղվող ամբիոնի ղեկավար Վլադիսլավ Շևչենկոն:
«էներգիայի պաշարներն անսպառ չեն, դրանք կվերջանան առաջիկա հարյուրամյակում: Միաժամանակ, ԱՄՆ-ում արդեն հաշվարկել են, որ Լուսնի վրա հելիում-3-ի պաշարները կարող են երկրի բնակչությանը էներգիայով ապահովել առնվազն 5000 տարի»,-գրում է «Ռիա Նովոստին»` հղում կատարելով Շևչենկոյի խոսքերին:
Ըստ գիտնականի` մեկ տոննա հելիում-3-ի գինը մոտավորապես 1 մլրդ դոլար կարժենա, սակայն հումքի ձեռքբերման և ներկրման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի առկայության պայմաններում միայն: «Միաժամանակ 25 տոննան ընդամենը 25 միլիարդ դոլար է, ինչն այնքան էլ շատ չէ երկիր մոլորակի պետությունների քանակության համեմատ և որը բավարար կլինի երկրի բնակչությանը մեկ տարի էներգիայով ապահովելու համար: Ներկայումս ԱՄՆ-ն էներգակիրների վրա տարեկան 40 մլրդ դոլար է ծախսում: Շահույթն ակնհայտ է»,-ասել է նա
Հելիում-3-ը համարվում է հելիումների մեջ ամենաթեթև իզոտոպը և առաջանում է Արևի վրա տեղի ունեցող ռեակցիաների արդյունքում: Երկրի վրա հելիում-3-ի պաշարները խիստ քիչ են: Սակայն Լուսնի վրա այս հազվագյուտ իզոտոպի պաշարները նվազագույն գնահատականներով 500 հազար տոննա են կազմում: