Հուլիսի 24-ին քաղբանտարկյալ, ՀՀՇ երիտասարդական միության գործադիր խորհրդի անդամ Տիգրան Առաքելյանը եղբոր միջոցով «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ուղարկել է Epress.am-ի հարցերի պատասխանները:
Բանտում հայտնվելը որքանո՞վ է փոխել Ձեր պատկերացումը իրականության մասին: Ի՞նչ նոր փորձ և գիտելիք եք ձեռք բերել:
Բանտում հայտնվելը բացարձակ չի փոխել իմ պատկերացումներն իրականության մասին: Ընդամենը ապացուցել է իմ համոզմունքները, որ ՀՀ-ում մարդու իրավուքնների հետ կապված արմատական փոփոխություններ են հարկավոր: Լրացուցիչ ապացուցելու կարիք չկա, որ դատարանները անկախ չեն: Իրավապահ համակարգում ինտելեկտի պակասը բերում է ծեծով ու խոշտանգումներով ցուցմունքներ կորզելուն: Դատախազությունը սաստելու, վերահսկելու փոխարեն հովանավորում է նշածս արատավոր երևույթների մուտացիան: Ձեռք բերածս փորձը այն է, որ հումորով եմ վերաբերվում մեզ հետ կապ ունեցող ցանկացած քաղաքական որոշման: Որպես գիտելիք` ազատ ժամանակ անգլերեն եմ սովորում:
Մեղադրող դատախազը որպես պատիժ վեց տարի պահանջեց Ձեզ համար, մինչև վճիռը ի՞նչ էիք ակնկալում:
Չեմ կարծում, թե մեղադրող դատախազն էր վեց տարի պահանջողը: Անկեղծ ասած` զարմացա, նման դատավճիռ լսելով: Չէի սպասում այսպիսի խոցելի քաղաքական որոշում: Այս քաղաքական որոշումն ապացուցեց մեկ ցավալի բան` չունենք անկախ դատարան: Մեկ տարի տևած դատավարության արդյունքում չի կազմվել դատավճռի տեքստը, բովանդակությունը, քրեաիրավական գնահատականները, պատիժը: Հակառակ դեպքում պետք է ոչ միայն մեզ արդարացնող դատավճիռ լիներ, այլ ի հայտ գային իրական մեղավորները: Սա ավելի նման էր Բաղրամյան 26-ից ֆաքսով դատարան ուղարկված մի գրություն, որի ընթերցողը դատավորն էր:
Եթե ազատազրկման պատճառ դարձած միջադեպը տեղի ունենար այսօր, դու դարձյալ նույն կերպ կվարվեի՞ր:
Հայտնի միջադեպի ժամանակ ես ոչ մի հանցանք չեմ գործել, կամ նույնիսկ զանցանք չեմ կատարել: Իհարկե կվարվեի նույն կերպ:
Ձեր հանդեպ այս կոշտ պատիժը կարո՞ղ է նշանակել, որ իշխանությունները ավելի վստահ են, քան անցած տարիներին, երբ համաներումով բանտերից ազատվում էին տասնյակ քաղբանտարկյալներ:
Ոչ, սա անվստահության, բացահայտ, անթաքույց վախի դրսևորում էր: Ստուգողական մոտեցում էր նախագահական ընտրություններից ամսիներ առաջ: Վերջին չորս ու կես տարում այսպիսի խոցելի ու սխալ որոշում դժվար թե հիշեմ:
ՀԱԿ-ի ԱԺ մտնելը ուժեղացրե՞ց, թե թուլացրե՞ց ընդդիմությանը: Ինչպիսի՞ն էր այն մի քանի տարի առաջ և ինչպիսի՞ն հիմա:
Վերջին շրջանում ԱԺ ընտրություններից հետո ՀԱԿ-ում տեղի են ունեցել բնական պրոցեսներ, փոփոխություններ: ՀԱԿ-ի ներկայաությունը ԱԺ-ում միմիայն դրական պետք է գնահատել: Իսկ ՀԱԿ-ի ներսում նախկին կուսակցություններից կազմված քաղխորհրդին և կենտրոնական գրասենյակներին ավելացել է ՀԱԿ-ի խմբակցությունը: Թեև իշխանական ֆրակցիայից մոտ տասն անգամ քիչ է ներկայացված, ճիշտ հաշվարկների, մյուս ընդդիմադիր ուժերի համատեղ աշխատանքի իր ընտրողների հետ որոշակի մեխանիզմներով,մշտական կապի, անկոտրում կամքի միջոցով, կարելի է լուրջ հաջողությունների հասնել:
Ըստ Ձեզ` ՀԱԿ-ի պատգամավորները ավելի էֆեկտիվ են ԱԺ-ում, թե փողոցու՞մ:
Կարծում եմ` ԱԺ խոսափողներով բարձրացված խնդիրները պարբերաբար Ազատության հրապարակի հարթակից պետք է ներկայացվի ընտրողներին: Մեծ աշխատանք կա կատարելու, թե ԱԺ-ում, թե Ազատության հրապարակում:
Դատարանում դուք հայտարարեցիք, որ Ալիկ Սարգսյանը Ձեր նկատմամբ հաշվեհարդար է տեսնում: Այս պահին Ալիկ Սարգսյանն արդեն ոստիկանապետ չի: Այլ դրդապատճառներ են հայտնվե՞լ գործում:
Ես ձեր նշած պարոնի անունը աշխատում եմ չարտասանել: Պաշտպանական ճառիս համապատասխան հատվածում ասացի, որ պատվիրատուն Կանաչուտ գյուղի բնակիչներից մեկն է, և հետագայում պատվիրատուները փոխվել են: Կա արդեն դատավճիռ, որը եկել է ապացուցելու վերը նշածս: Եթե այդպես չէ, թող վերցնեն դատարանի կողմից ձայնագրված նիստերը և ապացուցեն հակառակը:
Իսկ ձեր նշած պարոնը թեև հիմա ոստիկանապետ չէ, միևնույն է խորհրդականն է մի մարդու, ում համարում եմ գլխավոր պատվիրատուն: Պատրաստ եմ ներողություն խնդրել խոսքերիս համար, եթե իմ դատավարության ընթացքում ներկայացված ապացույցներին որևէ պատճառաբանություն գտնեն: Ես ապացուցել եմ, որ քրեական գործում առկա են խեղաթյուրված, հարմարեցված և նույնիսկ որոշ դեպքերում գոյություն չունեցող փաստեր, կամ ապացույցներ: Պաշտպանական ճառս համադրեք մեղադրական ճառիս հետ, շատ հեշտ է:
Ակնկալո՞ւմ եք արդյոք, որ վերաքննիչ բողոքի արդյունքում, վճիռը կարող է փոխվել, թեկուզ` հասարակական ճնշման արդյունքում:
Ամեն ինչ կարող է փոխվել հասարակական ճնշման արդյունքում: Հասարակության պահանջի հզորությունը միակ երաշխիքն է, իր իսկ նկատմամբ իշխանությունների զգոնության և իր իրավունքների պաշտպանված լինելուն: Եթե ուզում եք ակնկալիքս առանց հասարակական ճնշման ներկայացնեմ, ասեմ, որ ակնակալում եմ պատժի խստացում: Ասենք ոչ թե վեց տարի, այլ` ինը, կամ տասը:
Առիթից օգտվելով` ուզում եմ ողջունել հասարակական, քաղաքացիական, քաղաքական անհատների կողք կողքի նախադեպը չունեցող պայքարի յուրաքանչյուր անդամին: Ստանում եմ մամուլը, մանրամասն հետևում եմ յուրաքանչյուր իրադարձությանը և զարգացումներին: Այո’, հասարակությունը, կամ գոնե մի լայն շերտ, միասնական ուժերով արդեն արդյունքներ է գրանցում: Ուշադրություն մի դարձրեք տարատեսակ վերլուծաբանների հիասթափեցնող մլավոցներին: Հավատացե’ք, ամեն բարձրացված արդար պահանջին և հետևողական եղեք: Հաղթում է կամքը: