Home / Հայաստան / Ամբաստանյալը փորձել է վնասել իրեն հենց դատարանում. նրան տեղում բուժօգնություն են ցույց տվել

Ամբաստանյալը փորձել է վնասել իրեն հենց դատարանում. նրան տեղում բուժօգնություն են ցույց տվել

«Մոսկվա» կինոթատրոնից 5 միլիոն 80 հազար դրամի և 10 հազար ռուբլու գողությունը կազմակերպելու մեջ մեղադրվող 30-ամյա Ստեփան Հովակիմյանը դատական գործի քննության հերթական նիստի ընթացքում փորձել է իրեն վնասել: Այս մասին Epress.am-ին հայտնել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Հովակիմյանին առաջին բուժօգնություն է ցույց տրվել հենց դատարանի շենքում: Կատարվածի պատճառով գործը լսող դատավոր Մխիթար Պապոյանը Հովակիմյանի դեմ սանկցիա է կիրառել` 2 ժամով նրան հեռացնելով դատարանից:

Հովակիմյանը փորձել է իրեն վնասել այն բանից հետո, երբ գործով մյուս մեղադրյալ 26-ամյա Վահրամ Քերոբյանի փաստաբանները միջնորդել են, որպեսզի հարցաքննվի Քերոբյանի մայրը: Հովակիմյանին դուրս հրավիրելուց հետո Քերոբյանի մայրը հարցաքննվել է: Պաշտպանը միջնորդել է, որպեսզի ամբաստանյալների դեմ կիրառված խափանման միջոցը փոխվի: Միջնորդությունը բավարարվել է:

Հիշեցնենք, որ նրանք կալանավորված են արդեն 2 տարի, իսկ դատական քննությունը շարունակվում է, ու նրանց մեղքը ապացուցված չէ:

Ձերբակալման համար հիմք է հանդիսացել Ստեփան Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը,  ըստ պաշտպանների, կորզվել է խոշտանգումների միջոցով:

Մայիսի 29-ին Ստեփան Հովակիմյանի գործով բողոքն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ըստ բողոքի` Հովակիմյանի գործում խախտվել են Կոնվենցիայի մի քանի հոդվածներ. ոստիկանների կողմից դաժան վերաբերմունք է ցուցաբերվել` խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով, դաժան վերաբերմունքի մասին բողոքների կապակցությամբ արդյունավետ քննություն չի իրականացվել, ազատազրկման անհիմն երկար տևողություն է հաստատվել և այլ խախտումներ: