Home / Հայաստան / 18 տարեկան աղջիկը եզդիների համար արդեն «պառավ» է. համայնքը դեմ է ամուսնության տարիքի վերաբերյալ օրենքին

18 տարեկան աղջիկը եզդիների համար արդեն «պառավ» է. համայնքը դեմ է ամուսնության տարիքի վերաբերյալ օրենքին

Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդի համայնքը կտրականապես դեմ է վերջերս Հայաստանի կառավարության կողմից հավանության արժանացած «ՀՀ Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին, ըստ որի ամուսնության նվազագույն տարիք է սահմանվել 18 տարեկանը:

Հայաստանի գործող Ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ ամուսնանալու նվազագույն տարիքը մինչ այդ աղջիկների համար 17-ն էր, տղաների համար՝ 18-ը: Այժմ և տղաների, և աղջիկներ համար սահմանվել է 18 տարեկանը:

Չընդունելով այս օրենքի փոփոխությունը՝ «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը  Medialab.am հետ զրույցում ասել է, որ նախագիծը դժբախտություն է իրենց համար, քանի որ եզդի աղջիկներն ամուսնանում են 15-16 տարեկանում:

«18 տարեկան աղջիկը արդեն պառավ է մեզ համար, «տիրըսը»: Մեզ մոտ 18-19 տարեկան աղջիկները չեն էլ ամուսնանում, քանի որ ուզողներ չեն ունենում: Եզդի համայնքը դեմ է այս օրենքի ընդունմանը: Կառավարությունը, հավանություն տալով նման օրենքի, պետք է հաշվի առնի ամենամեծ ազգային փոքրամասնության խոսքը, մեր սովորույթները, ազգային օրենքներն ու կրոնական ավանդույթները»,- ասել է Թամոյանը:

Վաղ ամուսնանալով՝ եզդի աղջիկները դպրոցից հետո չեն ստանում բարձրագույն կրթություն: Ավանդապաշտ եզդի տղամարդիկ դեմ են նաև, որ իրենց կանայք աշխատեն, նրանք պետք է զբաղվեն հիմնականում տնային գործերով ու երեխաների դաստիարակությամբ:

«Եվրոպայի հետ մենք չենք կարող հավասար ոտք մեկնել: Մեր 60-հազարանոց համայնքում, տարին մեկ կամ երկու աղջիկ է համալսարան ընդունվում: Մենք ունենք մեր ավանդույթները: 15-16 տարեկանում ամուսնանալով՝ աղջիկները ընտելանում են ու հասկանում, որ պետք է կազմեն պինդ, լավ ընտանիք, պահեն ազգային ավանդույթները: Այդ իսկ պատճառով մեզ մոտ ամուսնալուծություններ էլ չկան, մեր ընտանիքները շատ ամուր են»,- ասել էո Թամոյանը:

Չնայած ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե այս օրենքի սահմանումը պայմանավորված է երկրում սեռային անհավասարության վերացման անհրաժեշտությամբ, եզդի համայնքը այն համարում է «ոչ մարդկային օրենք»:

«Սա մարդկանց երջանկության վրա կնիք է դնում: Հիմա 18 տարեկան տղան, որ ամուսնանա 16 տարեկան աղջկա հետ, պետք է բանտ նստի՞: Այս օրենքի ընդունումը կնպաստի եզդիների արտագաղթին փոփոխությունը կանդրադառնա նաեւ եզդիների արտագաղթին. մարդիկ շուտ կամուսնանան ու կլքեն Հայաստանը: Վաղ ամուսնությունը չի կարող վերանալ եզդիների մոտ: Դժբախտություն է սա մեզ համար»,- հավելել է Թամոյանը: