Home / Հայաստան / «Ինքներս լինենք մեր պաշտպանը». բժիշկների նախաձեռնության տակ` 200-ից ավելի ստորագրություն

«Ինքներս լինենք մեր պաշտպանը». բժիշկների նախաձեռնության տակ` 200-ից ավելի ստորագրություն

Արդեն 10 օր Facebook սոցիալական ցանցում շարունակվում է մանկական արյունաբան Սամվել Իսկանյանի նախաձեռնած բուժաշխատողների պաշտպանությանն ուղղված ստորագրահավաքը: Իսկանյանն առաջարկում է աշխատանքի ընթացքում բուժաշխատողի նկատմամբ բռնություն կիրառողների նկատմամբ պատիժ սահմանել 10 տարվա ազատազրկում:

Ստորագրահավաքին արդեն միացել են 225 բուժաշխատողներ` բժիշկներ, բուժքույրեր, նշում են «Բժշկական ԱԶԱՏ-ԱՆԿԱԽ Արհմիություն» խմբի անդամները:

«Համոզված ենք, որ շատ-շատերը կցանկանան իրենց մասնակցությունն ունենալ այս նախաձեռնությանը, սակայն դեռևս տեղյակ չեն այս ամենի մասին:

Ստորագրահավաքին միանալու համար կարող եք Ձեր անունը գրանցել «Բժշկական ԱԶԱՏ-ԱՆԿԱԽ Արհմիություն» խմբում կամ ուղարկել հաղորդագրություն: Եկեք ինքներս առաջինը լինենք մեր պաշտպանը!!! Յուրաքանչյուրիս ձայնը մեծացնում է հաջողության հասնելու հավանականությունը»,- ասված է ֆեյսբուքյան խմբի տարածած հայտարարության մեջ:

Խմբի անդմաներից Նարեկ Վերանյանը, դիմելով իր գործընկերներին, գրել է, որ Հայաստանում ձևավորվել է երիտասարդ մի սերունդ, որն իրոք պատրաստ է իր ձեռքերի մեջ վերցնել երկրի ապագան:

«Դա դրական ամբիցիաներ ունեցող, իր երկրի ծաղկումը ցանկացող մարդկանց թիմ է: Տեսանք դա` սկսած Թեղուտի բնապահպանական շարժումից, Մաշտոցի պուրակից, «Հարսնաքարի» դեպքերից հետո:  Հիմա սենց մի հարց, արդյո՞ք ժամանակը չէ, որ մենք ունենանք իրական, կոմպետենտ առողջապահական համակարգ, լավ առողջապահական մենեջերներ: Մեր երկրի անկախության տարիներին արևմտյան բարձրակարգ համալսարաններում սովորել են բազմաթիվ երիտասարդներ, ովքեր հիասքանչ պատկերացնում են, թե որն է էֆեկտիվ մենեջմենթը: Ինչո՞ւ այդ մարդկանց ձեռքերում չի այսօրվա առողջապահական համակարգը: Ինչո՞ւ նրանք բարձր պաշտոններ չեն զբաղեցնում,  ինչո՞ւ պետք է մեր երկրի առողջապահական համակարգը լինի կուսակցականացված, իսկ այդ բրգի մեջ բարձր աստիճաններ զբաղեցնեն խորհրդային կարգերից մնացած քվազի-դեմոկրատներ, իսկ իրականում ամբողջությամբ սովետական մտածելակերպի մարդիկ: Այդ մարդկանց հիմնական նպատակը ԲԻԶՆԵՍՆ է, անձնական բիզնեսը:  Նայեք, տեսեք` ինչպես են զարգանում միջին արևելքի երկրները, ինչպիսին են Քատարը, Իսրայելը»,- գրել է Նարեկ Վերանյանը:

Օգտատեր Maria Eternel-ը գրել է, որ չգիտի, թե կոնկրետ ինչ պատիժ է սահմանված, օրինակ, ոստիկանի նկատմամբ իր պարտականությունները կատարելու ընթացքում բռնիգործողություն կատարելու դեպքում, բայց հաստատ դրա նման մի բան էլ պետք է մտցնել բժիշկների համար:

«Բայց այստեղ ուրիշ մի հարց էլ կա, ու, կարծում եմ, այս երկուսն իրար հետ սերտ կապված են, և մեկի լուծումը առանց մյուսի դժվար եմ պատկերացնում: Հարցն այն է, որ Հայաստանում պաշտպանված չեն ոչ միայն բժիշկները, այլև պացիենտները: Մարդկաց ագրեսիվ ռեակցիան բուժ.պերսոնալի նկատմամբ ոչ հազվադեպ գալիս է նաև չվստահելուց (ցավոք, ոչ հազվադեպ չհիմնավորված): ճիշտ է, պացիենտների զգալի մասը այնքան էլ չի տարբերում ճիշտը սխալից (խոսքը բժշկական որոշմանն է վերաբերում), բայց ձեռքներս խղճներիս դնելով` եկեք ասենք, որ մեր կոլեգաների մի մասի մասնագիտական ոչ կոմպետենտությունը (մարդկայինը դեռ մի կողմ թողնենք) աղաղակող մասշտաբների է հասնում: Կարծում եմ, որ մեր` բժիշկներիս պարտականությունն է մտածել ոչ միայն ինքներս մեր, այլև պացիենտներին պաշտպանելու մասին (նույնիսկ, եթե մենք նրանց կողմից այսօր առանձնապես սիրված չենք): Բժշկական գործը, իհարկե, զգալի չափով անհատական է, բայց պետք է մտածել, թե ինչպես այն դարձնել հնարավորինս վերահսկելի ու պացիենտի շահերին ուղղված: Անկեղծ լինենք, շա՞տ են մեր այն կոլեգաները, որոնց մոտ կգնանք մենք կամ կտանեինք մեր հարազատներին որպես պացիենտ: Քանի՞ տոկոս են կազմում Հայաստանում բժշկական գործունեության լիցենզիա ունեցողների ընդհանուր թվի համեմատությամբ: Հետաքրքիր կլիներ նաև այս թեմայով կարծիքներ լսել: Եթե այսօրվանից սկսենք այս ուղղությամբ էլ մտածել, ո՞վ գիտի, գուցե մի որոշ ժամանակ հետո իրոք կարողանանք ինչ-որ բան փոխել», – ասված է բժշկի մեկնաբանության մեջ: