Այս շաբաթ 3 հայաստանյան ֆուտբոլային ակումբներ դուրս մնացին եվրագավաթների խաղարկությունից:
Երեքշաբթի Երևանի «Ուլիսը» Չեմպիոնների Լիգայի 2-րդ որակավորման փուլում 0:1 հաշվով մրցակցի հարկի տակ զիջեց մոլդովական «Շերիֆին»: Առաջին խաղում «Ուլիսը»պարվել էր նույն հաշվով:
Երեկ ևս երկու հայաստանյան ակումբներ` Գյումրիի «Շիրակը» և Կապանի «Գանձասարը», դուրս մնացին Եվրոպայի լիգայից:
Երկուսն էլ առաջին հանդիպումներում` մրցակիցների հարկի տակ, պարտվել էին 0:2 հաշվով: Սեփական դաշտում մեր թիմերը դարձյալ պարտություններ կրեցին: «Շիրակը» Գյումրիում զիջեց իսրայելական «Բնեյ Յեհուդա» թիմին 0:1, իսկ «Գանձասարը» Երևանում պարտվեց շվեյցարական «Սերվետին» 1:3 հաշվով:
Այսպիսով, այս տարվա ելույթների արդյունքում մեր թիմերը եվրոպական ակումբային վարկանշային աղյուսակում հավաքեցին 0,875 միավոր, ինչը վերջին 5 տարիների լավագույն ցուցանիշն է: Չնայած դրան, ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակում Հայաստանը շարունակում է զբաղեցնել 50-րդ տեղը` առաջ լինելով միայն Ֆարերյան կղզիներից, Սան-Մարինոյից և Անդորրայից:
ՈՒԵՖԱ-ն վարկանիշը հաշվարկելիս ընդգրկում է վերջին 5 տարիների ցուցանիշները, իսկ այդ տարիներին հայաստանյան ակումբները չափազանց անհաջող են ելույթ ունեցել: Հիշեցնենք, որ այս տարվա ցուցանիշը կուտակվել է շնորհիվ «Փյունիկի», որը Եվրոպայի լիգայի առաջին փուլում թեև դուրս մնաց, բայց մրցակցի հարկի տակ հաղթեց Չերնոգորիայի «Զետային», «Գանձասարի», որը առաջին փուլում հաղթահարեց Ֆարերյան կղզիների «Ստրեյմյուրի» արգելքը ու «Շիրակի», որը երկու խաղի արդյունքում պարտության մատնեց Չերնոգորիայի «Ռուդարին»: