Կոտայքի մարզում Թեժսարի նեֆելինային սիենիտների (լեռնային տեսակ, որը պարունակում է ալյումին) հանքավայրի տակ կատարվում է տարածքի ջրագոյացումը, և այդտեղ հանք կառուցելու դեպքում աղտոտվելու են Փամբակ, Աղստև և Հրազդան գետերը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ահազանգել է բնապահան Հակոբ Սանասարյանը: Բանախոսն ասել է, որ երեկ հարակից Արտավազդ գյուղում անցկացվել են հանքի շահագործման մասին երրորդ հանրային լսումները, որոնց առաջին անգամ մասնակցել է «Ալյումինա Քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչը, սակայն նա բնապահպանների որևէ հարցի չի պատասխանել և հեռացել է` չստորագրելով արձանագրությունը:
«Սովետական Միության ժամանակ Թեժսարի հանքավայրը ուսումնասիրվել է, 117 միլիոն ռուբլի ներդրում է կատարվել, ճանապարհ է սարքվել, սակայն հետո հրաժարվել են հանքը շահագործելուց, քանի որ շահարոծման դեպքում հանքի շուրջ մոտ 15-20 կմ շառավղով բնությունը կփչանար»,- Epress.am-ի հետ զրոյցում ասել է բնապահպան Ինգա Զառաֆյանը:
Հակոբ Սանասարյանի խոսքով` հանքաարդյունաբերության գլխավոր խնդիրն այն է, որ դրա ծախսերն ու եկամուտները չեն հաշվարկվում, այն գրեթե ամբողջությամբ հանված է հարկային դաշտից: «Օրինակ, եթե Քաջարանի հանքը շահագործվեր նոմալ երկրում, ամեն մի պոչհանքի համար պետք է մուծվեր 790 միլիոն հարկ: Հանքաարդյունաբերությունը ամենակոռումպացված ոլորտն է»,- ասել է Սանասարյանը:
Նրա խոսքով՝ այն, որ Հայաստանում սնկի պես ավելանում են հանքերը (դրանց թիվը հասնել է 499-ի), պայամավորված է այն հանգամանքով, որ ազգային անվտանգության հայացակարգում կա դրույթ, թե նոր հանքերի հայտնաբերում և շահագործումը խրախուսվում է: Սանասարյանը հիշեցրել է, որ 2008թ. բնապահպանները դիմել էին նախագահին` դադարեցնելու հանքարդյունաբերությունը տնտեսության գերակա ճյուղ համարել, սակայն որևէ պատասխան չեն ստացել: