Home / Հայաստան / Մեկ տարի անց դատախազության մոտ կրկին պաշտպանեցին քաղբանտարկյալներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեկ տարի անց դատախազության մոտ կրկին պաշտպանեցին քաղբանտարկյալներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ավելի քան մեկ տարի ընդմիջումից հետո այսօր կրկին ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա` ի պաշտպանություն քաղաքական բանտարկյալների: Այսուհետ բողոքի ակցիաներ տեղի են ունենալու ամեն ուրբաթ օր` այնքան ժամանակ, մինչև Հայաստանում կան քաղբանտարկյալներ:

Ակցիային մասնակցող ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայության փաստը վկայում է, որ իշխանությունների բարի կամքով չէր, որ քաղբանտարկյալները անցյալ տարի ազատ են արձակվել, այլ դա տեղի է ունեցել ժողովրդի ճնշման տակ: Ըստ Մանուկյանի` այժմ էլ ճնշումը պետք է ուժեղ լինի, որպեսզի ՀԱԿ-ի 4 ակտիվիստները, որոնք դատապարվել են 2-6 տարի ազատազրկման, ազատ արձակվեն:

«Մենք խնդրի մասին տեղյակ ենք պահել ԵԽԽՎ հանձնաժողովին, Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին,  Եվրոպայի Լիբերալ կուսակցությանը և այլ ուժերի, ովքեր շահագրգռված են, որպեսզի Հայաստանում մարդիկ չնստեն  քաղաքական հայացքների համար: Կարծում եմ, որ մեզ բոլորը կաջակցեն, նույնիսկ ադրբեջանցիները, որովհետև նրանք էլ ունեն 76 քաղբանտարկյալներ հիմա»,- ասել է Արամ Մանուկյանը:

 

ՀԱԿ անդամը հիշեցրել է, որ նախորդ տարի տարբեր կուսակցությունների երիտասարդական թևերը ստորագրել են համաձայնագիր, որ իրենք բոլորը միավորված պկայքարեն, եթե քաղաքական բանտարկյալներ լինեն մեր երկրում: Ուստի, ըստ Մանուկյանի, երիտասարդական թևերը, որոնք ենթադրաբար ավելի ազատ են, պետք է միանան այսուհետ ամեն ուրբաթ դատախազության դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներին:

Անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստների դեմ ընդունված դատարանի որոշմանը, մասնավորապես, այն հանգամանքին, որ որոշումը ավելի խիստ էր, քան դատախազի միջնորդությունը, Արամ Մանուկյանը կարծիք է հայտնել, որ նման աննախադեպ քայլը ցույց է տալիս, որ դատարանն ու դատախազությունը մրցում են իշխանություններին քծնելու հարցում:

Բողոքի ակցային մասնակցում էին նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը: