Home / Հայաստան / Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ է տալիս ԲՀԿ-ական պաշտոնյաների հրաժարականներում սենսացիա չփնտրել

Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ է տալիս ԲՀԿ-ական պաշտոնյաների հրաժարականներում սենսացիա չփնտրել

Ուրբաթ առավոտյան հրաժարականի դիմումներ են ներկայացրել Լոռու և Արագածոտնի ԲՀԿ-ական փոխմարզպետներ Էդիկ Կարախանյանն ու Մանաֆաս Առաքելյանը, ինչպես նաեւ ԲՀԿ-ական երեք փոխնախարարներ` արտակարգ իրավիճակների փոխնախարար Ռոմիկ Տիգրանյանը, տրանսպորտի և կապի փոխնախարար Ռուբեն Սինոյանը, գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը:

Նրանք այսօր հանդես են եկել միասնական հայտարարությամբ, իրենց հրաժարականները պայմանավորելով զուտ կոալիցիոն կառավարության ձևավորմանը չմասնակցելու` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշմամբ:

Թե ինչու փոխնախարարներն ու փոխմարզպետները անմիջապես չհաջորդեցին նրանց, այլ հրաժարականի դիմումներ ներկայացնում են երկու ամիս անց, համատեղ հայտարարության մեջ այսպես է հիմնավորված.  «Ընտրություններից հետո որոշ ժամանակահատված մեր պաշտոնավարումը բացառապես մեկ նպատակ էր հետապնդում՝ չվտանգել եւ տրամաբանական ավարտին հասցնել ընթացիկ ծրագրերը»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խորհուրդ տվեց այստեղ «որևէ սենսացիա չփնտրել»։ Հրաժարականները, նրա խոսքերով, «իշխող կոալիցիային մաս կազմելուց  հրաժարվելու տրամաբանության մեջ են»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ բոլորը միասին որոշեցին նույն օրը հրաժարականների դիմումներ ներկայացնել, Զոհրաբյանը պատասխանեց.  «Տարօրինակ ոչինչ չկա. այդպես է որոշվել, որովհետև այդպես ավելի հարմար էր»:

Ներկայում ԲՀԿ-ն ունի ընդամենը մեկ փոխնախարար՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Սամվել Խաչատրյանը։ Նա այսօր մեկնարկող Օլիմպիական խաղերի կապակցությամբ այժմ Լոնդոնում է, և վերադառնալուն պես կքննարկվի նրա հրաժարականի հարցը եւս:

Նաիրա Զոհրաբյանը չհամաձայնեց կարծիքներին ու հրապարակումներին, որ ԲՀԿ-ական պաշտոնյաների հրաժարականները կապված են աշնանը Հայաստանի 9 մարզերում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների հետ, որ «Բարգավաճ Հայաստան»-ը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին եւ չի ցանկանում իրեն  կաշկանդել պաշտոնեական կապերով:

ԲՀԿ խմբակցության քարտուղարը, միաժամանակ, հաստատեց, որ ընտրություններին ակտիվորեն մասնակցելու են.  «Բարգավաճ Հայաստան»-ը շատ ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին, և որտեղ մենք տեսնում ենք, որ կա անհրաժեշտություն առաջադրել թեկնածու, որը, վստահաբար, ստանալու է ժողովրդի աջակցությունը, մենք առաջադրում ենք. դա Գյումրիում է, Վանաձորում է, Թալինում է, Սիսիանում, բնականաբար: Քննարկում ենք նաև այլ համայնքներում ու քաղաքներում առաջադրելու հարցերը, և, այո, շատ ակտիվորեն մասնակցելու ենք ՏԻՄ ընտրություններին»:

Հիշեցնենք, նախնական տեղեկություններով` Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցությունը մտադիր է պաշտպանել ԲՀԿ-ի թեկնածու Սամվել Բալասանյանին։

Նաիրա Զոհրաբյանը չհամաձայնեց նաև, որ ԲՀԿ պաշտոնյաների հրաժարականները կարող են Գյումրիում Հանրապետականի աջակցությունը ստանալու գործընթացի շրջանակներում լինել:

Ինչ վերաբերում է իրենց թեկնածուին ՀՀԿ-ի կողմից հնարավոր աջակցությանը` նա ասաց, որ «դա Հանրապետականի գործն է», ԲՀԿ-ի և Հանրապետականի միջեւ որևէ բանակցության կամ քննարկման մասին իրեն հայտնի չէ։

Իսկ այն հարցադրումներին, թե «ինչի՞ դիմաց է Հանրապետականը Գյումրին զիջում «Բարգավաճ Հայաստան»-ին», Նաիրա Զոհրաբյանը այսպես հակադարձեց. «Մենք աճուրդների չենք մասնակցում։ Խորհրդարանական ընտրություններում Շիրակի մարզում և Գյումրիում «Բարգավաճ Հայաստան»-ը աննախադեպ մեծ վստահության քվե է ստացել, եւ առնվազն հասկանալի չէր լինի, եթե Գյումրիում մենք թեկնածու չառաջադրեինք… Մենք այն քաղաքական ուժը չենք, ովքեր մասնակցում են աճուրդների և սակարկությունների»: