«Արմավիա» ավիաընկերությունը պատրաստ է շարունակել թռիչքները Սիրիայի ուղղությամբ` չնայած նշված ուղղությամբ թռիչքներ կատարելու ռիսկերին:
Epress.am-ի հետ զրույցում «Արմավիայի» լրատվության վարչությունից հայտնել են, որ այս պահին բանակցություններ են ընթանում ընկերության և ՀՀ կառավարության միջև դեպի Սիրիա լրացուցիչ չվերթներ բացելու համար:
«Բանակցությունների հաջող ընթացքի դեպքում Կառավարությունը կֆինանսավորի հավելյալ չվերթները, իսկ ուղևորների համար տոմսերը գրեթե անվճար կլինեն: «Արմավիա» ավիաընկերությունը, որպես ազգային փոխադրող, անհրաժեշտ է համարում արտասահմանում գտնվող քաղաքացիներին աջակցություն ցույց տալը և ՀՀ կառավարության հետ համագործակցության փորձ ունի լիբանանյան հակամարտության ժամանակ այնտեղի հայերին փոխադրելու հարցում»,- փոխանցել են ընկերության լրատվության բաժնից:
Հիշեցենք, որ «Արմավիայի» դեմ օրերս բողոքի ակցիա էր կազմակերպվել: Ակցիայի մասնակիցները պահանջում էին էժանացնել տոմսերը Հալեպ ուղղությամբ` դյուրացնելու համար սիրիահայության փախուստը պատերազմական դրության մեջ գնտվող երկրից: