Հուլիսի 25-ին Աբովյան 3, Աբովյան 3/1 շենքերի բակում կառուցվող շենքի՝ դատավորի որոշմամբ կասեցված շինարարությունը երեկ դարձյալ շարունակվել է: Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը:
«Պուշկին 14 հասցեում կառուցվող շենքը (ԱՕՔՍ-ին հարակից) կառուցող կազմակերպությունը «Հորիզոն 95»-ն է, պատվիրատուն՝ «Լոկալ Դեվելոփերս»-ը՝ ի դեմս Սամվել Մայրապետյանի: Երեկ ցերեկը բանվորները գրեթե լրիվ կազմով, մոտ մի 15 հոգի, եկել էին, կռունկը աշխատում էր, ավազ էին տեղափոխում, և այնտեղ մետաղական կոնստրուկցիա էին ամրացնում, արմատուրաներով նոր սյուն էին հավաքում: Ես մոտեցա, ասեցի՝ ո՞վ եք, ի՞նչ եք, ինչի՞ համար եք շարունակում, չգիտե՞ք որոշման մասին: Սսում է` ես աշխատող եմ, դա ինձ չի հետաքրքրում: Ինձ ասել են՝ ես աշխատում եմ», – ասել է Վարդան Գերավետյանը:
Դրանից հետո վերջինիս զանգով շինարարության վայր են ժամանել քաղաքապետարանի ապօրինի շինարարության գծով վարչության պետը և չորս մարդ՝ Կենտրոնի թաղապետարանի ներկայացուցիչներ: Վերջիններս նշել են, որ իրենք անելիք չունեն, պետք է հրավիրել դատական կատարողներին:
Ի պատասխան՝ Գերավետյանն ասել է, որ եթե այս շինարարության ամբողջ ապօրինության հիմքը իրենք են դրել, իրենք էլ պետք է պատասխանատու լինեն նրանց հետ հավասար:
«Բա` փաստաթղթերը, ամեն ինչը օրինական են: Ասեցի` փաստըաթղթղերը օրինական են, բայց օրենքին հակասող փաստաթղթղեր են: Ցույց տվեցի` տարածությունը մի շենքից մյուսը՝ ինչ է լինելու, գումարած ԱՕՔՍ-ի խնդիրը, որ մոլորության մեջ էին փորձում գցել հանրությանը, թե նոր կառուցվող շենքը կցակառույց է: Եվ մեր միջամտությունից հետո բոլորը փախան, բայց ամենախայտառակը նա է, որ դա պատիվ չի բերում թե՛ «Հորիզոն 95» կազմակերպության ղեկավարությանը, թե՛ նույն Սամվել Մայրապետյանին, որոնք, փաստորեն, թքում են մեր ՀՀ օրենքի և կարգի վրա: Եթե նրանք նորից գալիս ու շարունակում են շինարարությունը, դա նշանակում է, որ չեն հարգում օրենքը»,- ասել է Վարդան Գերավետյանը: