ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով 2012 թվականի առաջին կիսամյակը, ասել է, որ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թվաքանակի նվազում, 187 դեպք` նախորդ տարվա 255-ի դիմաց:
Նելլի Դուրյանը նշել է, որ նվազել է նաև հանցագործություն կատարած անչափահասների քանակը, այս տարի հանցագործություն է կատարել 184 անչափահաս` նախորդ տարվա 217-ի դիմաց:
Ներկայացնելով նաև անչափահանսերի կողմից կատարված հանցատեսակները` ոստիկանության աշխատակիցն ասել է, որ արձանագրվել է գույքի հափշտակման 90 դեպք` նախորդ տարվա 165-ի դիմաց, կողոպուտը նախորդ տարի եղել է 3 դեպք, այս տարի՝ 2, ավազակային հարձակումը անցյալ տարի եղել է 1 դեպք, այս տարի նույնպես 1 դեպք:
«Երկրորդ տեղում գտնվող հանցատեսակը մարմնական վնասվածք հանսցնելու դեպքերն են, ինչը առավել հաճախ է հանդիպում անչափահասների շրջանում: Այս տարի արձանագրվել է 16 մարմնական վնասվածք հասցնելու դեպք՝ նախորդ տարվա 25-ի դիմաց: Հարկ է նշել, որ նվազել են նաև ծանր մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը`16-ից մեկն է եղել ծանր մարմնական վնասվածքի հասցնելու դեպք, նախորդ տարի` 25-ից՝ 9-ը»,- ասել է Նելլի Դուրյանը:
Դուրյանը տեղեկացրել է, որ աճ է արձանագրվել անօրինական զենք կրելու դեպքերի մեջ` այս տարի 8-ը` նախորդ տարվա մեկի դիմաց, որոնք հիմնականում սառը զենք կրելու դեպքերն են:
Անչափահանսերի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը նույնպես աճել են` այս տարի արձանագրվել է108 դեպք` նախորդ տարվա 83-ի դիմաց:
Նելլի Դուրյանի խոսքով՝ անչափահասների՝ հանցագործություններ կատարելու հիմնական պատճառը դաստիարակությունն է, քանի որ ծնողները ուշադիր չեն իրենց երեխաների նկատմամբ: Բանախոսը նշել է, որ չի կարելի նաև շեշտը դնել նրա վրա, որ հանցագործություն կատարած անչափահասները միայն սոցիալապես անապահով ընտանիքներից են: