Արարատի մարզի գործարաններն այս տարի հրաժարվել են դեղձի մթերում կատարել: Այս մասին Epress.am-ին հայտնել են Արտաշատի շրջանի գյուղացիները, որոնք տարիներ շարունակ զբաղվել են մթերմամբ:
Նրանց խոսքով՝ մանսավորապես, «Արտֆուդ», «Նոյան» և «Բորոդինո» ընկերությունները մթերման համար բաժանած արկղերը հետ են պահանջել: Գյուղացիներն ասում են, որ գաղտնի պատճառն այն է, որ այս տարի մթերումը առաջնահերթ պետք է արվի Նոյեմբերյանում:
«Նախագահն ասել է, որ սահմանամերձ գյուղերի մարդկանց պետք է առաջինը հանձնելու շանս տան: Ու Արարատի դաշտի ժողովուրդի հետ ինչ կլինի, ջհանդամ: Նոյմեբերյանում էլ գյուղնախարարը գործարան ունի, դա է մթերելու»,- մեզ հետ զրույցում ասել է գյուղացիներից մեկը, ով հրաժարվել է ներկայանալ:
Հիշեցնեք, որ վերջերս Նոյեմբերյանի Պտղավան համայնք կատարած այցի ժամանակ նախարար Սերգո Կարապետյանը վստահեցրել է, որ բերքի իրացման անհրաժեշտ պաշարներ ապահովելու հարցում օգնելու է նոյեմբերյանցիներին, քանի որ այս տարի աննախադեպ շատ է դեղձը:
Epress.am-ի հետ զրույցում Գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Վահագն Մարտիրոսյանը հերքել է Արարատի մարզում դեղձ չմթերելու մասին տեղեկությունները:
Մարտիրոսյանի խոսքով՝ մթերումը չի սկսվել այն պատճառով, որ գյուղացիները շատ թանկ գին են սահմանել իրենց մթերքի համար:
«Դեղձն այս տարի սարսափելի շատ է, այնուհանդերձ գինը չի իջնում 300 դրամից: Իսկ վաղահաս դեղձը հարմար չէ պահածոյացման համար: Եթե աշնան դեղձի երկու կիլոգրամից են ստանում մեկ կիլոգրամ ջեմ, ապա վաղահաս դեղձի 10 կիլոգրամից: Ուստի՝ մթերողը գոնե պետք է էժան ընդունի դեղձը»,- ասել է Վահագն Մարտիրոյանը:
Խնդրի մասին մենք փորձեցինք տեղեկություն ստանալ նաև փոխնախարար Ռոբերտ Մակարյանից, ով զբաղվում է մթերման հարցերով: Նա խոստացավ ճշտել՝ արդյոք նման խնդիր կա, թե ոչ, և ապա հայտնեց, որ «Բորոդինո» ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի, և դա է պատճառը, որ դեդձ չի մթերում: Իսկ «Նոյան» ու «Արտֆուդ» ընկերությունների տնօրենները վստահեցրել են փոխնարարին, որ դեղձի մթերում ավելի ուշ են սկսելու: