22-ամյա բրիտանուհի Դանիել Հովարդը խաբեությամբ մոտ 16,000 դոլար է հավաքել իր երազանքների հարսանեկան արարողությունը կազմակերպելու համար` հավատացնելով ընկերներին և բարեգործներին, որ անբուժելի հիվանդ է:
Էսեքս կոմսության բնակչուհին ձերբակալվել է իրավապահների կողմից, ովքեր բացահայտել են նրա խարդախությունը:
Դանիելը ամուսնացել է իր 28-ամյա սիրեցյալ Քրիս Հովարդի հետ 2012 թվականի ապրիլին: Հանդիսավոր արարողությունը ամբողջությամբ վճարվել է սոցիալական ցանցերում բարեգործության նպատակով հավաքված գումարներով:
Հարսանիքից մի քանի ամիս առաջ Դանիելը դիմել էր ընկերներին` սարսափելի խոստովանությամբ. 22-ամյա աղջիկը տառապում է քաղցկեղով և ցանկանում է հնարավորինս շուտ ամուսնանալ իր ընտրյալի հետ:
Օգնության մասին խնդրանքը սկզբում հայտնվել էր տեղական պարբերականում, որից հետո աղջկա ընկերները գումարների հավաքագրման իսկական արշավ էին սկսել: Խարդախ հարսնացուի համար ընդհանուր առմամբ գումար էր նվիրաբերել 1500 մարդ:
Հարսանեկան արարղությունն արագ կազմակերպելն աղջիկը բացատրել էր նրանով, որ ցանկանում է հնարավորինս շուտ տոնել իր կյանքի ամենաերջանիկ օրը, մինչև քիմիոթերապիա անցնելը:
Բարեգործները սկսել էին կասկածել և դիմել էին ոստիկանություն այն բանից հետո, երբ աղջիկը հայտարարել էր, որ իր հետ հրաշք է տեղի ունեցել, հարսանիքից անմիջապես հետո աղջիկը հղիացել է, չնայած քիմիոթերապիային:
Հուլիսի վերջին ապագա մայրը ձերբակալվել է խարդախության մեղադրանքով: